Ոչ-ոքիով ավարտված ֆուտբոլային աժիոտաժ

Armenia - Russia UEFA 2012 qualifying round

Մենք ուժեղ էինք, մենք հզոր էինք, մենք այսօր խաղացինք ոչ ոքի…

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդող երկու շաբաթները, նամանավանդ վերջին մեկ շաբաթը, Հայաստանում անցան բավականին լարված: Հայ հասարակության մեծ մասն անկախ տարիքից, մասնագիտությունից ու նույնիսկ ֆուտբոլ սիրել-չսիրելուց խոսում էր մարտի 26-ի մասին: Ինչն է կարևոր և զարմանալի. անգամ մեր հավաքականն անհույս վիճակում գտնվելու փաստի կողմնակիցները չէին արտահայտում սովորաբար խաղից առաջ ու հետո լսվող խոսքերը` «տո ֆուտբոլ ունենք, որ մի հատ էլ հաղթանակ ունենանք», «ուր ա ընդեղ ֆուտբոլ որ» և այլն: Միայն սկզբնական շրջանում խոսակցություններ եղան խաղի ու մրցավարի` «ծախված» լինելու մասին, բայց հետո այդ փաստերին այլևս լուրջ անդրադարձ չեղավ:

Մեծ ոգևորության պատճառն էր Հայաստանի` ԵՎՐՈ 2012 նախընտրական փուլի մրցաշարում ընդգրկված B խմբում երկրորդ տեղը, ինչը խոսում էր հաջողության հասնելու դեպքում առաջնությանը հնարավոր մասնակցության մասին: Այս իսկ պատճառով խաղի տոմսերի աննախադեպ վաճառք գրանցվեց` խաղից մեկուկես շաբաթ առաջ (տոմսերի վաճառքի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում) բոլոր տոմսերն արդեն սպառված էին: Հայ հասարակությանը, սակայն, այս չէ միայն, որ ստիպեց ուշադրության կենտրոնում պահել այս իրադարձությունը, տոմսեր գնել և ուղևորվել մարզադաշտ, կամ, կորցնելով խաղին անմիջապես մասնակցության հնարավորություն, անպայման դիտել այն: Հասարակության մեջ հաղթանակի ակնկալիքով մեծ ոգևորություն էր տիրում: Մարդկանց մեծ մասը չգիտես ինչու համոզված էր` վերջերս լավ ենք խաղում, ռուսներին անպայման կհաղթենք:

Հայ ֆուտբոլասերները` Հայաստան-Ռուսաստան հանդիպումից առաջ

Հայ ֆուտբոլասերները` Հայաստան-Ռուսաստան հանդիպումից առաջ

Սակայն, ի տարբերություն հայ ֆուտբոլասերների, Հաղթանակը ցածր էին գնահատում միջազգային բուքմեյքերները. խաղից մի քանի օր առաջ Հայաստանի հաղթանակն ուներ 7 գործակիցը, Ռուսաստանի հաղթանակը` 1.48, ոչ ոքին` 3.8: Խաղից անմիջապես առաջ Հայաստանի հաղթանակի գործակիցը դարձել էր 4,5:

Հաղթանակի համոզմունքն ուներ նաև Առաջին Հայկական Ճակատը` ՖԱՖ-ը, որն այս անգամ, ինչպես միշտ, ամեն անհրաժեշտ բան պատրաստել էր մինչ խաղը` երգեր, պաստառներ, քայլերթ: Վերջերս սկսեց գործել նաև ՖԱՖ-ի պաշտոնական կայքը, որտեղ ֆուտբոլասերներին ներկայացվում են անհրաժեշտ նորություններ, հավաքների և այլ տեսակի տեղեկատվություն: ՖԱՖ-ի անդամներն ու մեր հավաքականի որոշ երկրպագուներ մարզադաշտ գնացին քայլերթով, նախապես հավաքվելով Ֆրանսիայի հրապարակում, ներկելով դեմքերն եռագույնով, հնչեցնելով երգեր: Ի դեպ, հավաքին ակումբի անդամների ասելով, եկել էին թվով ավելի շատ մարդիկ, ինչն անսպասելի էր, բայց, իհարկե, բավականին ուրախալի:

Հաղթանակի ակնքալիքներից բացի, անընդհատ շրջանառվում էին մի քանի թեմաներ` տոմսերի աննախադեպ վաճառք, ռուս երկրպագուների համար նախատեսված «վանդակ», քաղաքում հայտնված ռուսալեզու պաստառներ և խաղի` Ֆրանսիական հրապարակի էկրանով դիտելու հնարավորություն: Ի դեպ, «վանդակ»-ին վերաբերվող թեման ավելի շատ և ագրեսիվ քննարկվում էր Ռուսաստանում: Այստեղ «վանդակ»-ը պատճառաբանվում էր ռուս երկրպագուների անկարգապահ լինելով, ինչն, ի դեպ, որոշ չափով ստացավ իր ապացույցն օդանավակայանում, որտեղից Մոսկվա-Երևան թռիչքն իրականացնող օդանավի վայրեջքից անմիջապես հետո ոստիկանության բաժին տեղափոխվեցին ռուս երկրպագուներից երեքը:

Հայ ֆուտբոլասերները պատրաստվում են քայլերթի Երևանի փողոցներով

Հայ ֆուտբոլասերները պատրաստվում են քայլերթի Երևանի փողոցներով

Շատերն էլի փորձեցին քաղաքական ենթատեքստ գտնել այս խաղի մեջ, շատերը պնդեցին, որ թե խաղն է «ծախած» և թե «մրցավարը»: Սակայն այս բոլոր խոսակցություններն առկա են գրեթե ամեն խաղի ժամանակ: Բացի այս, Հայաստանի հավաքաականը ցուցադրեց լավ խաղ: Ճիշտ է, ռուսներն իրականացրեցին 13 անկյունային, մենք` ընդամենը 1, կորցրեցինք գնդակն ու շուրջ տասը րոպե չկարողացանք հետ բերել այն առաջին խաղակեսի վերջնամասում, սակայն ընդհանուր առմամբ եղան բազմաթիվ վտանգավոր պահեր, որոնք կարող էին ավարտվել ռուսական դարպասի գրավումով:

Հայաստան-Ռուսաստան խաղը` ավարտված ոչ ոքի-ով, մեծ լարվածության մեջ պահեց գրեթե ամբողջ հայ հասարակությանը: Իհարկե կրկին գտնվեցին մարդիկ, ովքեր խաղի ընթացքում և խաղից հետո պնդեցին, որ հայերը խաղալ չգիտեն, որ պայմանավորված խաղ էր… Ֆեյսբուքյան կարծիքներից մեկի համաձայն` նույն բանը (ոչ ոքին) մի քանի տարի առաջ մեզ համար համազգային տոն կլիներ, իսկ հիմա սովորական ենք վերաբերվում այդ փաստին: Ճիշտ է, անկասկած, բայց պետք է ընդունենք նաև, որ մի քանի տարի առաջ ոչ ոքիի մասին երազել էլ չէինք կարող,այդ պատճառով էլ տոն կլիներ, իսկ հիմա հաղթանակից ենք խոսում ու դա ընդունում որպես շատ հավանական ու նորմալ երևույթ: Իսկ սա քիչ բան չէ:

Եվ վերջ ի վերջո, մի՞թե այս ամբողջ ժամանակահատվածը համազգային տոն չէր…



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



3 կարծիք to Ոչ-ոքիով ավարտված ֆուտբոլային աժիոտաժ հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Հայկական ֆուտբոլն առաջ է գնում աչքներիս առաջ: ընդ որում, առաջխաղացում կա նաև երկրպագուների ինդուստրիայում, շատ ուրախալի է…

  2. LarOK says:

    Մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք այսօր պիտի հաղթենք…. Ժող շաաատ լավ խաղ էր, հատկապես երկրորդ խաղակեսի ընթացքում մենք դիտեցինք շատտ գեղեցիկ ֆուտբոլ…… Մի խոսքով պետք է հավատանք մեր հավաքականի ուժերին, բոլոր խաղերի ժամանակ լինենք մարզադաշտում, ոգևորենք ու սպասենք հաղթանակներիիիիի…. Առաջ Հայաստաաաաան………

  3. այո, երկրպագուների ոգևորության ալիքն էլ իր հերթին նոր հաղթանակների է բերելու, անկասկած :))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *