Երևանում տոն է, թող բոլորը գան…

Բուկինիստ

Կես տարուց ավել է, ինչ հայտնի է, որ 2012 թվականի գրքերի համաշխարհային մայրաքաղաքն Երևանն է լինելու: Հուլիսից մինչ այսօր այս առիթով հնչել են տարբեր կարծիքներ` թե դրական և թե բացասական: Ոմանք համոզված են, որ ամեն բան լավ կանցնի և մտահոգվելու կարիք չկա, ոմանք էլ պնդում են` խայտառակվելու ենք ամբողջ աշխարհով մեկ:

Այս առիթով հետաքրքիր է «Բուքինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի կարծիքը. «Ես համոզված եմ, որ տոնը լավ կանցկացնենք: Ոչ այն պատճառով, որ լավ բազա ունենք, այլ այն պատճառով, որ մենք կարողանում ենք հյուրեր ընդունել ու ճանապարհել: Բոլորը գոհ կգնան»: Բայց, իհարկե, խնդիրը միայն հյուրերին լավ ընդունելով ու ճանապարհելով չի ավարտվում: Այս ամենի հետ մեկտեղ պետք է ցույց տանք աշխարհին, թե ինչ ունենք և ինչերի ենք հասել: Ինչեր կարվեն մինչև 2012 թվականն, անհայտ է: Բայց խոսել եղածի մասին կարելի է. 4-5 գրքի խանութ, մի քանի բարվոք վիճակում գտնվող գրադարան և «զարգացող» գրքավաճառություն դրսում` գետնանցումներում, Վերնիսաժում և այլն:

Բոլորը գոհ կգնան

Բոլորը գոհ կգնան

Ինչպես նշել ու խոստացել էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշակված տարվա միջոցառումների համալիր ծրագրի իրականացման արդյունքում զգալի կավելանան գրախանութներն ու գրադարանները, գրադարաններից յուրաքանչյուրը կունենա ընթերցասրահ: Այս մասին խոսվել էր դեռ 2010-ի ամռանը, երբ պարզ դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012 գրքերի համաշխարհային մայրաքաղաք է հռչակել Երևանը:

պետք չէ մոռանալ, որ նոր գրադարաններ ու գրախանութներ բացելու հետ մեկտեղ հոգ պետք է տարվի, որպեսզի եղածները պահպանվեն

պետք չէ մոռանալ, որ նոր գրադարաններ ու գրախանութներ բացելու հետ մեկտեղ հոգ պետք է տարվի, որպեսզի եղածները պահպանվեն

Թվում է` այս ուղղությամբ աշխատանքները պետք է սկսվեին վաղուց. տոնը սարերի ետևում չէ: Ու պետք չէ մոռանալ, որ նոր գրադարաններ ու գրախանութներ բացելու հետ մեկտեղ հոգ պետք է տարվի, որպեսզի եղածները պահպանվեն, այնինչ այս օրերին եղած 4-5 գրախանութներից մեկում հայտնում են, որ կան այնքան խնդիրներ, որ դեռ պարզ չէ` կմտնի խանութը 2012 թվական թե ոչ:

Ստացվում է` եղած գրախանութները բավարարում են հասարակությանը, մեկ բան էլ ավել: «Ես վախենում եմ ասել, որ այսօրվա թիվը /4-5/ բավարարում է քաղաքի բնակչությանը: Բայց դիտարկումները ցույց են տալիս, որ ցավոք, բավարարում է», – ասում է Խաչիկ Վարդանյանը: Այս դեպքում առաջ է գալիս մեկ ուրիշ խնդիր և հետևություն: Խնդիրն այս միջոցռումների շրջանակներում բացվելիք խանութների հետագա ճակատագիրն է, իսկ հետևությունը կայանում է նրանում, որ պետք է այս առիթով ոչ թե պարզապես արհեստականորեն ավելացնել գրախանութներն ու գրադարանները, այլ փորձել բարձրացնել գրքի արժեքը մարդկանց համար, հասարակության ուշադրությունը դարձնել գրքի վրա: Այլապես, կանցնի 2012 թվականն ու բացված գրախանութները կրկին մեկը մեկի հետևից կփակվեն, ինչպես խորհրդային տարիներից մինչ այսօր փակվեցին ավելի քան 65 խանութներ միայն մայրաքաղաքում: Եվ հենց սա է, ի դեպ, դրսի գրքավաճառության առկայության պատճառը:

խորհրդային տարիներից մինչ այսօր փակվեցին ավելի քան 65 խանութներ միայն մայրաքղաքում

խորհրդային տարիներից մինչ այսօր փակվեցին ավելի քան 65 խանութներ միայն մայրաքաղաքում

Սակայն, իհարկե, կան և դրական փոփոխություններ այս ոլորտոմ վերջին տարիների ընթացքում, ինչը կարող է հաջողության մեծ գրավական լինել տոների շրջանակներում: Հրատարակչության իրացման համար, ճիշտ է, խանութները քիչ են, սահմանափակ, բայց այս գործը ծաղկում է, հայերենով լուրջ գրականություն է տպվում: «Նոյյան Տապան» խանութի գրքերի բաժնի պատասխանատու Հայկ Մկրտչյանը պնդում է, որ եթե մի քանի տարի առաջ լավագույն դեպքում տասնյակից շատ քիչ ավել գրքեր կային, որոնց որակական չափանիշները շատ էին զիջում ինչպես ռուսական, այնպես էլ համաշխարհային գրահրատարակչային որակին և տեսականում և որակի առումով, ապա վերջին տարիներին և տեսականին է շատ աճել, և, իհարկե, որակը: «Օրինակ, մեր այդ հատվածի հրատարակչությունների, մասնավորապես, ասենք, «Անտարես», «Արևիկ», «Արեգ» արտադրական տպագրական մակարդակը կարող է մրցակցել կոնկրետ, օրինակ, Ռուսաստանի «Ռոսմեն»—ի արտադրանքի հետ»:

Տոներն ավելի հետաքրքիր դարձնող, ու գուցե փրկող հանգամանք հանդիսացող, մեկ փաստ էլ կա` 2012թ.-ին լրանում է Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված հայերեն տպագիր առաջին գրքի` Ուրբաթագրքի 500-ամյակը, որն, ինչպես հանձնարարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, անցկացվելու է պատշաճ մակարդակով: Այս ամենի համար ստեղծվել է անգամ հատուկ հանձնաժողով, ինչը վկայում է տոնի նկատմամբ լրջության մասին:

Գրքի ստեղծողը հեղինակն է, դրա ճակատագրի ստեղծողը` հասարակությունը

Գրքի ստեղծողը հեղինակն է, դրա ճակատագրի ստեղծողը` հասարակությունը

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մարդիկ, անկասկած, հետաքրքիր միջոցառումների ականատես կլինեն, կստանան ինչպես Հայաստանի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների գրականության, գրահրատարակչության ոլորտներից հարուստ և արժեքավոր տեղեկատվություն, ինչը կտարածվի աշխարհով մեկ: Խնդիրը մեկն է` իրականացվեն բոլոր խոստացված աշխատանքներն ու չանտեսվեն մանրուք թվացող կետերը: Սակայն առաջնահերթն, ինչպես նշվեց, հասարակության` դեպի գիրք ունեցած վերաբերմունքն է, քանի որ ոչ մի պատշաճ մակարդակով կազմակերպված միջոցառում այնպես չի ներկայացնի Երևանը` 2012 գրքերի համաշխարհային մայրաքաղաք, ինչպես քաղաքում, մասնավորապես հասարակության մեջ տիրող տոնին համապատասխան տրամադրությունն ու մթնոլորտը, որն էլ պետք է ապահովեն սովորական շարքային քաղաքացիները:

«Գիրքը մարդու մտավոր, հոգևոր արժեքային համակարգից դուրս է մնացել: Այսինքն այդ համակարգում անհրաժեշտ առաջնային տեղը չունի: Այս է խնդիրը», – վստահեցնում է Խաչիկ Վարդանյանը: Եվ, ամենից զատ, այս տոնը և միջոցառումների շարքը պետք է խթան դառնան հայաստանաբնակ հասարակության հոգևոր արժեքային համակարգի զարգացմանը, և առաջնահերթ` գտնի իր տիրոջը, որն այս դեպքում գիրքն է: Եվ ինչպես ասել է Վ.Հյուգոն, «Գրքի ստեղծողը հեղինակն է, դրա ճակատագրի ստեղծողը` հասարակությունը»:

Մնում է հավելել, որ այս դեպքում այդ հասարակության զգալի մասը նույնիսկ չգիտի գալիք տոնի մասին…


Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



2 կարծիք to Երևանում տոն է, թող բոլորը գան… հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Erevan2012 says:

    Չեմ կարծում, որ խնդիրը գրադարանների կամ գրախանութների թվաքանակի աճը կամ նվազումը պետք է համարել, այլ առհասարակ գրքի ու գրականության հանդեպ հասարակության վերաբերմունքը: Որևէ այսօրինակ միջոցառում լավագույն առիթն է նայելու մեր ունեցած խնդիրներին և ինքնագնահեատելու մեզ:

    Գոյություն ունեցող շղթայում (գրող-հրատարակիչ-գրավաճառ-ընթերցող) բոլոր օղակները թույլ են: Դժվար է ասել թե հատկապես որն է ավելի թույլ, բայց իմ կարծիքով հստակ է, որ հասարակության յուրաքանչյուր լիարժեք անդամ պետք է լինի այդ օղակներից գոնե մեկում և իր կարողության սահամններում նպաստի շղթայի զարգացմանը: Միայն մի գրախանութ ավելացնելը կա մ դրա փակվելը կանխելը շատ ավելի ասնավոր խնդիր կարող է դառնալ, քան հասարակության վերաբերմունքը երևույթի հանդեպ փոխելը:

    Խնդիրը լուծված կլինի այն պահից, երբ կարդալը և կարդացած լինելը համարվի բարեկեցիկ կյանք ապահովելու ամենակարճ ճանապարհը:

    • Շարմաղ says:

      Իհարկե: Այդ իսկ պատճառով հիմնական ուշադրությունը դարձրել եմ հասարակության` գրքի հանդեպ ուեցած վերաբերմունքի խնդրի վրա, ու հենց դա ներկայացրել որպես գլխավոր խնդիր` “Սակայն առաջնահերթն, ինչպես նշվեց, հասարակության` դեպի գիրք ունեցած վերաբերմունքն է, քանի որ ոչ մի պատշաճ մակարդակով կազմակերպված միջոցառում այնպես չի ներկայացնի Երևանը` 2012 գրքերի համաշխարհային մայրաքաղաք, ինչպես քաղաքում, մասնավորապես հասարակության մեջ տիրող տոնին համապատասխան տրամադրությունն ու մթնոլորտը, որն էլ պետք է ապահովեն սովորական շարքային քաղաքացիները:”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *