Հայաստանն արտերկրում…

ԿամավորներըՌռումինիայում

…Հայաստանից հեռացա հիասթափությունից… Շատ բաներ հավանեցի ԱՄՆ-ում… Այստեղ ինձ երբեք օտար չեմ զգացել… Հայկականի հետ շփումը լրացնում եմ հայկական եկեղեցի, համայնք ու կազմակերպություններ այցելելով… Բայց լավ, թե վատ` միշտ կապրեմ Հայաստանում…

Հայերն արտերկրում արտահայտությունը պատմական անհրաժեշտությամբ, թե ճակատագրի նախախնամությամբ, բայց արդեն սովորական է հնչում մեր` հայերիս ականջներում: Չկա մի հայ կամ հայկական մի ընտանիք, որը առնչություն ունեցած չլինի արտերկրի հետ կամ չունենա նման ծանոթներ: Հայերի արտերկիր մեկնելու պատճառները տարբեր են`ավելի քիչ ճանապարհորդելու, միջին զանգվածը` սովորելու և աշխատելու և մեծամասնությունը` մշտական բնակության համար: Արտերկրի հետ կապը, Ճնապարհորդությունները, կրթական ծրագրերն ու աշխատանքային փորձի փոխանակումները անմիջական խթան են հանդիսանում սերնդի զարգացման, կրթվածության և կյանքն ավելի լավ կազմակերպելու համար: Այս եզրակացությանն են եկել այն երիտասարդները, որոնք որոշակի ժամանակ ապրել են կամ շարունակում են ապրել արտերկրում:

Այսօր արդեն Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ Լիլիթ Ասատրյանը ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Ռեյսին քաղաք է մեկնել, երբ դեռ 15 տարեկան էր: «ԱՄՆ մեկնեցի FLEX փոխանակման ծրագրով, որը հնարավորություն է տալիս Եվրասիայի բարձր դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում, ապրել ընտանիքներում և հաճախել ամերիկյան դպրոց»: Մեկ տարվա ընթացքում Լիլիթը հասցրել է զգալ բոլոր էմոցիաները`կարոտ, հիացմունք, զարմանք, վախ:

Մի բանում Լիլիթը վստահ է .այդ ժամանակահատվածում ընդլայնվել է իր աշխարհայացքը, մտահորիզոնը, մեծացել է անկախության զգացումը, աշխատանքային և կենսական փորձը, որոնք հետագայում կարևոր ազդեցություն ունեցան իր վրա:

Ըմբռնելով ԱՄՆ-ի մշակույթը, բազմազանությունն ու հարգելով մարդկանց կարծիքները`Լիլիթը կարճ ժամանակով ստանձնել է իր երկրի դեսպանի դերը, ամերիկացիներին ծանոթացրել է Հայաստանին և հայ մշակույթին, պատմել

Լիլիթ Ասատրյանի ամերիկյան ընտանիքը

Լիլիթ Ասատրյանի ամերիկյան ընտանիքը

պատմությունը, վարքերի ու բարքերի մասին: «Առանց մի վայրկյան անգամ մտածելու պետք է ասեմ, որ հայ լինելու համար հպարտանալու շատ առիթներ ունեցա: Ամեն կիրակի այցելում էի Սուրբ Մեսրոպ եկեղեցի, զրուցում Տեր Եփրեմ քահանա Քելեջյանի հետ, խորհուրդներ հարցնում, իսկ հայկական կիրակնօրյա դպրոցում հայերին` հայ լեզվին ու մշակույթին ծանոթացնում»:

Բացի լավ հիշողություններից Լիլիթը ԱՄՆ-ից բերել է նաև լավ սովորություններ, դրական երևույթների օրինակներ: «Շատ բաներ հավանեցի ԱՄՆ-ում: Ամենակարևորներից կնշեմ ամերիկյան ուսանողների ակտիվությունը` կլիներ սպորտային, մշակութային, թե ակադեմիական: Շատ հավանեցի նրանց կամավորական աշխատանքների, մյուսին օգնելու գաղափարը, որը ցավոք մեզ մոտ զարգացած չէ»:

Կամավորները` Ռումինիայում (Մելինեն` մեջտեղում)

Կամավորները` Ռումինիայում (Մելինեն` մեջտեղում)

Մելինե Բաղդասարյանը ևս գնահատում է կամավորական աշխատանքները: Հենց այդպիսի ծրագրով էլ Մելինեն 8 ամսով մեկնել է Ռումինիա: Այստեղ նա հավանել է հյուրասիրությունը, հարգանքը, կամեցողությունը, հետաքրքիր ապրելու ունակությունը, չի հավանել մայրաքաղաքի լարվածությունը: Որպես երկրի առանձնահատկություն նշում է այն փաստը , որ կային շատ եկեղեցիներ և ժողովուրդն էլ 2 խմբի էր բաժանված`մարդիկ , ովքեր ամեն օր գնում էին եկեղեցի և մարդիկ , որոնք բացարձակ չէին գնում:

Լեզուն` ռումիներեն էր, բայց մեծամասնությունը գիտեր նաև անգլերեն, ինչը հեշտացնում էր օտարերկրացիների շփումը: Ազգային ու կրոնական պահանջները լիովին բավարարվում էին, քանի որ Ռումինիայում գործում էին մի քանի հայկական եկեղեցիներ, կար ակտիվ հայկական համայնք: Խնդիրների, որպես այդպիսին, չի հանդիպել: Հայաստանն ու Ռումինիան համեմատելիս Մելինեն առանձնացրեց հետաքրքիր փաստեր. «Մեր երկրի հետ նմանությունն այն է, որ մարդիկ, ինչպես

Ռումինիա

Ռումինիա

ամենուր, բողոքում են կառավարությունից, իսկ տարբերությունն, ի ուրախություն մեզ այն է, որ այնտեղ աղջիկները համատարած ծխում են»: Թեև կարծում է, որ այնտեղ առօրյան ավելի հետաքրքիր են կազմակերպում, քան մեզ մոտ և համարում է, որ այնտեղ ավելի լավ է ապրելը, բայց հավատացնում է, որ լավ, թե վատ` կապրի Հայաստանում:

Եվրոպական մեկ այլ երկրում` Ֆրանսիայում ապրում ու IFP Paris II Panthéon-Assas համալսարանում է սովորում Լիլիթ Ստեփանյանը: Փարիզում սովորելը Լիլիթի մանկության երազանքն էր: Փարիզը սիրում է մի շարք պատճառներով.« Սիրում եմ ուսումս, ընկերներիս ,կյանքը Փարիզում, երիտասարդների համար հնարավորությունները բավականին մեծ են, կյանքը հետաքրքիր է, մշակութային առումով` բազմազան: Հանգիստ կարող ենք ճանապարհորդել, հարգում են մեր ինքնությունը, իրավունքները, ազատ ենք մեր նախասիրություններում: Նույնիսկ համալսարանում մենք ինքներս ենք կազմում մեր սեփական դասացուցակը`ընտրելով մեզ հետաքրքրող առարկաները»: Սկզբնական շրջանում Լիլիթի համար խնդիր է եղել վիզա ստանալը և կրթաթոշակը, որի բացակայության պատճառով այսօր ստիպված է նաև աշխատել: Հիմա դժվարություններ չունի. հարմարվել է հասարակությանը, ունի ֆրանսիացի և այլազգի շատ ընկերներ:

Ֆրանսիացիների վերաբերմունքը դեպի օտարազգիները Լիլիթը դրական է գնահատում, իսկ հայերի հանդեպ` առավել լավ: Հայկականի հետ շփումը նա լրացնում է հայկական եկեղեցի, համայնք ու կազմակերպություններ այցելելով: Վերադառնալու մասին Լիլիթը դժվարանում է մտածել.« Կարոտում եմ շատ Հայաստանը,Երևանը, ընտանիքիս, բայց,

Ֆրանսիայում ապրող հայ երիտասարդների հանրակացարանի բակը

Ֆրանսիայում ապրող հայ երիտասարդների հանրակացարանի բակը

ցավոք, կարծես անելիք չունեմ Հայստանում: Այստեղ ինձ ավելի գնահատված եմ զգում. թե´ որպես մարդ, թե´ որպես մասնագետ»:

Մարին Սիրիա մեկնեց 2008 թվականի ամռանը: Առիթը ամուսնությունն էր: Արդեն երեք տարի է, որ ապրում է Սիրիայում և ամեն ամռանն էլ այցելում է Հայաստան: Սա հնարավորություն է տալիս նրան ավելի լավ տեսնել իր հայրենիքի և ապրելավայրի տարբերությունները: Նշում է, որ այնտեղ իրեն երբեք օտար չի զգացել: Ավելին, նշում է, որ հայերը Սիրիայում իրենց միշտ էլ հարազատ են զգում. պատճառը իշխանության լավ վերաբերմունքն է: Կարծում է` այստեղ մարդիկ ամեն ինչի հասնում են սեփական խելքով ու աշխատասիրությամբ: Իր համար առաջնային ու կարելի է ասել միակ խնդիր համարում է կարոտը դեպի ընտանիքը:

Սկզբնական շրջանում ունեցել է նաև լեզվի խնդիր, բայց հիմա դա էլ է հաղթահարել. սովորում է արաբերեն: Այն փաստին, որ ապրում է ոչ միայն օտար, այլև ոչ քրիստոնյա երկրում, Մարին մեծ հաշվով չի բախվել: “Ունենք հայկական ամեն ինչ` եկեղեցի, դպրոց, մանկապարտեզ, այգի, մարզասրահ, խանութներ: Այդ պատճառով գրեթե չեմ շփվում մահմեդականների հետ”:

Ի տարբերություն բոլորի` Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հայաստանից մեկնել է բացառապես հիասթափությունից: Թորգոմի խոր հիասթափությունը կապված է ամեն ինչի հետ` սուտ, կեղծիք, կոռուպցիա, իրար ստորացնել, լավին չգնահատել ու նման շատ բաներ: Այժմ ապրում է Չեխիայում:

Պրահա

Պրահա

Ընդունում է, որ ամենուր էլ կան խնդիրներ, այդ թվում` Չեխիայում: Բայց նվազագույն պայմանները համարում է ապահովված: Հաճույք է ստանում, երբ օգտվում է տրանսպորտից, հանգիստ ճանապարհորդում է, ստանում նորմալ բժշկական օգնություն: «2009 թվականից աշխատում եմ գիմնազիայում և տնտեսական թեքումով դպրոցում` որպես անգլերենի ուսուցիչ: Իսկ 2010-ից լեզվի դպրոցում: Այս տարի պատրաստվում եմ անցնել Պրահայի համալսարանում երկու տարով ուսուցիչների հատուկ ծրագիր: Հենց այստեղ էլ նկատել եմ տարբերությունը: Աշխատանքի ընդունվել եմ հարցազրույցով, հավանել են իմ գիտելիքները` ի տարբերություն Հայաստանի»: Չնայած այս ամենին Թորգոմը նաև վստահ է. «Պետք է սովորենք սիրել և լինել օբյեկտիվ: Եթե այս երկուսը լինի, հաջորդ իսկ օրը Հայաստանն առեղծվածային ձևով կփոխվի»:

Արտերկրում հայերին հարմարվել օգնում է նաև օտար լեզուները հեշտ յուրացնելու ունակությունը: Մեր զրուցակիցներից ոչ մեկի համար լեզվի խնդիրը առաջնային չի եղել: Իսկ միայն հայերին հատուկ հարմարվելու հատկությունը օգնում է նրանց հաստատվել ցանկացած երկրում:

Արտերկիրը լայն դռներ է բացում կրթվելու, մասնագիտանալու, աշխատելու կամ ճանապարհորդելու համար: Սակայն անհրաժեշտ է այն օգտագործել ճիշտ և արդյունավետ` ինքդ քո և հայրենիքիդ համար:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *