Հայ երեխաների անցուդարձն համացանցում

internet-for-children

Երբ համացանցն ակտիվ կերպով ներխուժեց մարդկանց կյանք, այն ոչ տարիք հարցրեց, ոչ մեկ այլ բան, և հասուն մարդկանց հետ մեկտեղ ինտերնետց սկսեցին օգտվել երեխաները, որոնք շատ ավելի շուտ և շատ ավելի մեծ հաճույքով և ոգևորությամբ սովորեցին և ընտելացան համակարգչին, համացանցին և դրանցից օգտվելուն:

Պահել երեխաներին գրքի դիմաց ամբողջ օրվա ընթացքում անհնար է, բակում խաղալու ժամերն հիմնականում երեկոյան են, իսկ քանի դեռ հեռուստատեսությունը, ցավոք, ոչ միշտ է առաջարկում երեխաներին այն, ինչ կպահի վերջիններիս էկրանի առջև, օրվա մեջ այսպես թե այնպես հայտնվում են ժամեր, որոնք հատկացվում են համակարգչին: Աստիճանաբար համացանցից օգտվող երեխաների տարիքային սահմանն իջնում է, և եթե մի քանի տարի երեխաները առաջ համացանցից սկսում էին օգտվել 7-8 տարեկանից, ապա այսօր այդ սահմանն իջել է մինչև 4-5, երբեմն նաև 2-3 տարեկանը:

Մանկական կայքերից է heqiat.am-ը, որտեղ կան հեքիաթներ, բանաստեղծություններ, երգեր, խաղեր, ինչպես նաև մրցույթներ

Մանկական կայքերից է heqiat.am-ը, որտեղ կան հեքիաթներ, բանաստեղծություններ, երգեր, խաղեր, ինչպես նաև մրցույթներ

Այս պատճառով անհրաժեշտ են մանկական կայքեր, որտեղ կլինեն և մուլտֆիլմեր, և խաղեր և երեխայի համացանցում ժամանցն ապահովով այլ բաներ:

Հայկական մանկական կայքերը շատ չեն: Ավելի կոնկրետ կարելի է ասել` կան մանկական բաժիններ: Մանկական կայքերից է heqiat.am-ը, որտեղ կան հեքիաթներ, բանաստեղծություններ, երգեր, խաղեր, ինչպես նաև մրցույթներ: Պետք է նշել, որ հեքիաթները ներկայացվում են ինչպես տեքստային, այնպես էլ տեսա-ձայնային տեսքով: Տեքստային տարբերակի դեպքում մի փոքր դժվար է ընթերցելը, նամանավանդ երեխաների համար: Տեքստը գրված է կամ այնպիսի գույներով, որոնք սպիտակ ֆոնին դժվար են ընթերցվում, կամ շատ մանր տառատեսակով: Հետաքրքիր և բովանդակալից է կայքի “Խաղեր” բաժինը, որը ներկայացնում է խաղերի մեծ տեսականի, այդ թվում ազգային ավանդական, ուշադրությունը, շփվելու ունակությունը զարգացնող, օնլայն և այլն: Սակայն օրինակ գունազարդ տեսակի խաղում տեղ գտած նկարների ներկելն անհնար է, մատուցված են միայն նկարներ, որոնք պետք է գունազարդել, բայց թե ինչպես, անհասկանալի է, այնինչ սա երեխաների կողմից ամենասիրված զբաղմունքներից է, և համացանցում նման բան գտնելու դեպքում նրանք անպայման կխաղային:

ImPoqrik.am - իմ փոքրիկ

ImPoqrik.am - իմ փոքրիկ

Մյուս երկու կայքերն ուղղված են մայրերի ուշադրությանը` impoqrik.am և mybaby.am: Այստեղ կան մանուկներին հատկացված բաժիններ` “Փոքրիկիս ժամանցը” և “Զվարճալիք”: Իմ Փոքրիկ կայքում, բացի այս բաժնից, կա ևս մեկը` “Մուլտեր”, որը ներկայացնում է առանձին հայկական, ռուսական և արտասահմանյան մուլտեր: Իսկ կայքի “Փոքրիկիս ժամանցը” բաժնում կարելի է գտնել երգեր, բանաստեղծություններ, առակներ, էպոս և այլն: Այս կայքի մեկ այլ բաժին` “Փոքրիկիս հայրենիքը”, ներկայացնում է Հայաստանի հետ կապված տարբեր տեսակի տեղեկություն, հիմնականում պատմական, մշակութային, ինչն անհրաժեշտ է երեխաների կրթական, դաստիարակչական գործում: Կայքի “Խաղեր” բաժնում կա նկարելու և “Tom&Jerry” մուլտի հերոսներին գունազարդելու հնարավորություն և մի քանի խաղեր: Mybaby կայքի “Զվարճալիք” բաժնում կան մանկական երգեր, հեքիաթներ, մուլտֆիլմեր, որոնցից իդեպ միայն մեկը հայկական` “Գտնված երազ”, մնացածն արտասահմանյան արտադրության:

Այս կայքերից յուրաքանչյուրն ինչ-որ չափով ապահովում է երեխաների ժամանցն համացանցում, սակայն յուրաքանչյուրը մի փոքր կիսատ է կամ ոչ լիովին ուղղված երեխաների ուշադրությանը: Այսպես` երեխաների համար նախատեսված կայքում անիմաստ է բանկերի, խանութների և նման տեսակի այլ գովազդը, այս տեսակի կայքերը պետք է համեմատաբար հեշտ լինեն ընթերցելու և օգտվելու համար. մեծ տառատեսակ, հեշտ բառեր, կարճ նախադասություններ և այլն: Այս ամենը, ցավոք, անտեսվում է վերը նշված կայքերում: Չկա մի կայք, որտեղ կենտրոնացած լինեն շատ հայկական և արտասահմանյան արտադրության մուլտֆիլմեր, մանկական ֆիլմեր, հաղորդումներ, խաղեր և այլն: Փոխարենը, ինչպես նշվեց, կան տարբեր կայքեր մանկական բաժիններով: Armhistory.ru կայքն, այսպես, հանդես է գալիս “Հայկական մուլտֆիլմեր” բաժնով, որտեղ կան 10 հին հայկական մուլտֆիլմեր:

Mybaby.am

Mybaby.am

Հիմնականում երեխաները նախընտրում են խաղալ օնլայն խաղեր, որոնցով ծփում է համացանցը: Սակայն դժվար գտնվի մի երեխա, ով որոնողական տողում կգրի ոչ թե “online games” կամ “онлайн игры”, այլ “օնլայն խաղեր”: Այնինչ, հայատառ գրելու դեպքում այդ խաղերը կհայտնվեն, որքան էլ դա զարմանալի թվա: Իհարկե այն բոլոր հայկական կայքերի, որտեղ կա “օնլայն խաղեր” բաժինը, խաղերն արտասահմանյան արտադրության են և օտարալեզու, սակայն կարևորն այն է, որ գոնե հայատառ բաժիններ են և խաղերից մի քանիսի անուններն են ներկայացված թարգմանված տարբերակով: Ինչով է սա կարևոր: Նրանով, որ այդ տարիքի երեխաներն հիմնականում միայն հայերեն լեզվին են տիրապետում, և հասկանալ մատուցվածի իմաստն ու բովանդակությունն ավելի հեշտ է: Անհրաժեշտ է, իհարկե, խաղերի գոնե որոշ մասը թարգմանել ամբողջովին, որովհետև շատ դեպքերում նրանք չեն հասկանում, թե ինչպես խաղալ և ինչ անել:

Երեխաների` աստիճանաբար ավելի ու ավելի խորանալն համացանցի մեջ անխուսափելի է: Մանկական կայքերն անհրաժեշտություն են, դրանք պետք է լինեն այնպես, ինչպես կան կանանց, տղամարդկանց, եիտասարդներին, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար նախատեսված կայքերը: Այն, ինչ կա հայ երեխաների համար համացանցում այսօր, իհարկե, հուսադրող է, բայց ոչ բավարար: Կայքեր ստեղծվելու հետ մեկտեղ անհրաժեշտություն կա արտասահմանյան մուլտֆիլմերի և ֆիլմերի թարգմանության մեջ, քանի որ շատ դեպքերում հայ երեխաները ստիպված են դիտել դրանք առանձ հասկանալու:

Սա այն է, ինչ պետք է արվի, բայց ավելի կարևոր է, թե ինչպես կարվի այդ ամենը: Պարզապես պետք է ապահովել որակ` քանակի փոխարեն և մի փոքր մտածել երեխաների` կայքից ստացվող հաճույքի, և հետո նոր, ինչու չէ` բանկերի գովազդից ստացվող հասույթի մասին…


Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *