Հայկական ցանցի տրանսֆորմացիաները

transformation

Հայկական ցանցի տրանսֆորմացիաները. Մաս 1, 2011թ. մայիսի 1
Trends.am Monitoring Project #1

Հայկական ինտերնետային միջավայրն արդեն մի բավական ժամանակ բռնել է բուռն զարգացման և դրական տրանսֆորմացիաների ուղին: Սրանց վառ վկաներն են հայկական ինտերնետում օրեցոր ավելացող նոր ռեսուրսները, արդեն ստեղծված ռեսուրսների նոր բովանդակային և այլ ձևավորումները, հայկական ինտերնետի համար տարաբնույթ նորամուծությունները և այլն:

Նորի ավելացումը և այն էլ` այս տեմպերով` խոսում է Հայաստանում ինտերնետաֆիկացման արագ ընթացքի և ինտերնետ հասարակության նոր պահանջների մասին: Այժմ արդեն օգտվողին հետաքրքրող ցանկացած նյութ կարելի է գտնել համացանցում հայերեն լեզվով, սակայն այլ հարց է բովանդակության որակն ու բազմազանությունը. այս հարցով հայկական ցանցը դեռ ունի ճանապարհ անցնելու:

Հայկական ցանցի ակտիվության և վիճակագրական տվյալների ուսումնասիրման համար օգտվել ենք հայկական վեբ ռեսուրսների վիճակագրական համակրգից` Circle.am-ից և միջազգային վիճակագրական ծառայության տվյալներից` Alexa.com-ից:

Հայկական ցանցի ակտիվություն (AMNet activity)

Հայկական ցանցի ամսեկան ակտիվության գրաֆիկը` ըստ circle.am-ի. հունիս 2010 - ապրիլ 2011

Հայկական ցանցի ամսեկան ակտիվության գրաֆիկը` ըստ circle.am-ի. հունիս 2010 - ապրիլ 2011

Վերևում տեղադրված գրաֆիկից երևում է, թե ինչպիսի աճ է գրանցել հայկական ցանցը (AMNet) մեկ տարվա ընթացքում. 2011թ. հունիս ամսին circle.am կայքում գրանցված կայքերի այցելությունների ընդհանուր ցուցանիշը կազմել է 9 մլն 177 հազար, 2011թ. ապրիլ ամսին այն կազմել է 20 մլն 440 հազար: Նույն Circle.am-ի տարեկան վիճակագրական տվյալների համաձայն` գրանցված կայքերի ընդհանուր էջերի դիտումների քանակը 2010թ. հունիս ամսին եղել է 48 մլն, 2011թ. ապրիլ ամսին այն գրանցել է 87 մլն արդյունք:

Վերլուծելով Circle.am-ի ցուցանիշները` տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում հայկական ցանցի ակտիվությունը գրանցել է համարյա 110%-անոց աճ: Հաշվի առնելով նաև այն, որ մեկ տարվա ընթացքում Circle.am-ում գրանցվել են նոր կայքեր, ունենում ենք լուրջ թվեր, որոնք խոսում են հայկական ցանցի արագ ակտիվացման մասին:

Քանի որ հայկական բովանդակությամբ վեբ-կայքերի կանաքը դժվար է հաշվել, տվյալներ կբերենք Circle.am-ում գրանցված կայքերի վիճակագրական թվերից.

Registered Armenian websites on Circle.am 14 March 2011

Cirlce.am-ում գրանցված կայքերի թիվը 2011թ. մարտի 14-ի տվյալներով

2011թ. մարտի 14-ի տվյալներով Circle.am-ում գրանցված են եղել 1797 կայքեր. այս թիվը 2011թ. մայիսի 1-ի տվյալներով կազմել է 1893:

Հայկական ցանցի ամենա ակտիվ ռեսուրսները

Վերլուծելով հայկական վեբ-կայքերի այցելությունների ցուցանիշները Circle.am և Alexa.com վիճակագրական տվյալներում, ստանում ենք հետևյալ պատկերը. հայկական ցանցում հայկական կայքերից ամենից շատ այցելություններ են գրանցում հիմնականում լրատվական ռեսուրսները:

Circle.am կայքում գրանցված կայքերի ամսեկան այցելությունների գրաֆիկ

Circle.am կայքում գրանցված կայքերի ամսեկան այցելությունների գրաֆիկ

Իսկ ինչպես ցույց է տալիս Alexa.com միջազգային վիճակագրական ծառայությունը, հայկական ցանցում ամենա հաճախվող ռեսուրսների քսանյակում (*) ընդգրկված են ընդամենը 4 հայկական ծագումով կայքեր` News.am, 1in.am, Tert.am և List.am:

Alexa

Alexa

Ըստ Alexa-ի ցուցանիշների, հայկական ցանցում առաջին տեղում է Google.com որոնողական համակարգը, 2-րդ հորիզոնականում է հանրահայտ և Հայաստանում մեծ թափեր հավաքող Facebook.com սոցիալական ցանցը: Facebook-ին առաջաին տասնյակում հաջորդում են համապատասխանաբար` 3. YouTube, 4. Google.am, 5. Odnoklassniki, 6. Почта.Mail.ru, 7. Google.ru, 8. Yahoo.com, 9. Wikipedia, 10. News.am

* Alexa.com վիճակագրական ծառայության տվյալներին պետք է մոտենալ վերապահումով, քանի որ այն իր վիճակագրական ցուցանիշները ստանում է իր toolbar-ի օգնությամբ, որոնք տեղադրված են լինում օգտվողների մոտ:

Հայկական բլոգոսֆերա

Ժամանակակից համացանցի ամենա կարևոր բաղադրիչներից է նաև բլոգոսֆերան, որի լոկալ ակտիվությունը ևս ցույց է տալիս տվյալ երկրում համացանցի հանդեպ հետաքրքրության և ընդհանուր առմամբ օգտվողների ակտիվության պատկերը:

ArmFeeds համակարգում հրապարակված նյութերի գրաֆիկ ըստ ամսական տվյալների

ArmFeeds համակարգում հրապարակված նյութերի գրաֆիկ ըստ ամսական տվյալների

Հայկական բլոգոսֆերայում ևս, ինչպես ամբողջ հայկական ցանցում, շարունակական աճ է գրանցվում: Հայկական բլոգային ռեսուրսների վիճակագրական տվյալների վերլուծության համար օգտվել ենք ArmFeeds.com հայկական բլոգների ագրեգատոր համակարգի տվյալներից:

Վերջին երկու ամիսներին ArmFeeds.com համակարգում նկատվում է գրանցվող բլոգների թեմատիկաների հետաքրքիր նկարագրություն. Գրանցվող բլոգների մեծ մասն ունի անհատական բնույթ և թեմատիկ ուղղվածություն

ArmFeeds.com բլոգային ագրեգատոր համակարգում 2011թ. մայիսի 1-ի տվյալներով գրանցված են հայկական 292 բլոգներ, որոնց կողմից գեներացվել են 48.588 հրապարակումներ: Համեմատության համար նշենք, որ 2011թ. մարտի 18-ի տվյալներով` բլոգային հրապարակումների թիվը համակարգում կազմում էր 42.467. մեկ և կես ամսվա ընթացքում համակարգում ավելացել են մոտ 6000 նոր բլոգային հրապարակումներ:

ArmFeeds-ում օրական վերահրապարակումների քանակը տատանվում է միջինը 30-50 միջակայքում: Ագրեգատոր համակարգում ամենից շատ բլոգներն ըստ դասակարգման պատկանում են անհատական բլոգների բաժնին (160 բլոգներ, 01.05.2011թ. տվյալներով):

Վերջին երկու ամիսներին նկատվում է գրանցվող բլոգների թեմատիկաների հետաքրքիր նկարագրություն. Գրանցվող բլոգների մեծ մասն ունի անհանատակ բնույթ և թեմատիկ ուղղվածություն, ինչը խոսում է նաև հայկական ինտերնետային բազմաբնույթ բովանդակության աճի փաստի մասին:

Հայկական ինտերնետի ընդհանրական ժամանակակից պատկերի հստակ ձևավորման համար փորձ ենք արել բերել հայկական և միջազգային վեբ-ռեուրսների վիճակագրական ծառայությունների տվյալները, ինչպես նաև հայկական բլոգոսֆերային վերաբերող որոշակի տեղեկություններ: Սակայն ընդհանրական ցանցային պատկերն ստանալու համար անհրաժեշտ է նաև բերել ժամանակակից ինտերնետի ամենա կարևոր ոլորտներից մեկի` սոցիալական մեդիայի ընդհանրական պատկերը: Իսկ մինչ հայկական սոցիալական մեդիային անցումը, բերենք մի քանի տվյալներ նաև հայկական ցանցային որոնումների թվերից:

Ցանցային որոնումներ (web search)

Հայկական ցանցում որոնումների և ըստ որոնումների կատարված այցելությունների մի փոքր վիճակագրական տվյալներ ենք ստացել ArmFeeds.com բլոգային ագրեգատորի ամսական վիճակագրական տվյալներից: 2011թ. փետրվար և մարտ ամիսներին որոնողական համակարգերի միջոցով ArmFeeds.com են այցելել ընդհանուր ավելի քան 14.300 օգտվողներ: Համեմատության համար` 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին որոնողական համակարգերից տարբեր հարցումներով ArmFeeds-ի այցելուներ են եղել թվով 11.600 օգտվողներ:

Ահա ArmFeeds.com համակարգի որոնողական այցելությունների վիճակագրական գրաֆիկը.

Visits from Search Engines, ArmFeeds stats

ArmFeeds.com այցելություններ որոնողական համակարգերից

Սոցիալական մեդիա զարգացումներ

Հայկական սոցիալական մեդիան, չենք սխալվի, եթե ասենք, որ ամենա կայուն զարգացող և աճ գրանցող ոլորտներից մեկն է: չենք սխալվի նաև` նշելով, որ հայկական սոցիալական մեդիան մի փոքր այլ հարթության վրա է` իր զարգացման միտումներով: Սոցիալական մեդիայի մի բաղադրիչի` բլոգոսֆերայի մասին, արդեն վերևում անդրադարձանք, որտեղ հստակ երևում է հայկական բլոգոսֆերայի զարգացման կայուն աճը, իսկ ահա սոցիալական մեդիայի այլ բաղադրիչներում` սոցիալական ցանցերում, վիճակն ավելի ակտիվ է և պարզ` իր տեսանելիությամբ:

Հայկական սոցիալական մեդիային արդեն անդրադարձել ենք Trends.am-ի #2.1 համարում: Սակայն այս անգամ ավելի շատ վիճակագրական տվյալներ կբերենք, մասնավորապես Ֆacebook սոցիալական ցանցից:

Հենց սկզբից պետք է նշել, որ հայկական Facebook-ն ամենա արագ աճող լոկալ միջավայրերից է ֆեյսբուքյան համաշխարհային վիճակագրական տվյալներում. վերջին ամսվա ցուցանիշներով` Հայաստանից գրանցվող օգտվողների աճը կազմել է ավելի քան 18%: Համեմատության համար նշենք որ նմանատիպ աճի ցուցանիշներ ունեն Բրազիլիան (+27), Եգիպտոսը (+26), ճապոնիան (+21), Ալժիրը (+26) և այլն:

Armenian Facebook users stats

Հայկական Facebook-ի վիճակագրական գրաֆիկ (ըստ Sociabakers-ի)

Հայաստանից գրանցվածների թիվն այս պահին հասնում է համարյա 160.000-ի և ըստ մոտավոր հաշվարկների` այս տեմպերով շարունակվելու դեպքում, հայկական ֆեյսբուքը 2011թ. վերջին կունենա 300.000-ից ավելի գրանցված օգտվողներ, որը կկազմի ՀՀ բնակչության մոտ 10%-ը:

Այսպիսով, ի զուր չէ Alexa-ն ցույց տալիս Facebook-ը հայկական ցանցի ամենա ակտիվ կայքերի ցանկում երկրորդ հորիզոնականում:

Հայկական ցանցում սոցիալական մեդիայի ծավալների մեծացմանը զուգընթաց` փոխվում է նաև վերաբերմունքն այս ոլորտի նկատմամբ, ինչպես նաև փոխվում է սոցիալական մեդիայի նշանակությունը տարբեր ոլորտների, մասնավորապես` բիզնեսի և քաղաքացիական հասարակության համար:

Փոքր և միջին, և ինչու չէ` նաև խոշոր բիզնեսի համար դժվար է այսպիսի դինամիկ զարգացող և բիզնեսի համար պապրարտ ոլորտ գտնել, որտեղ յուրաքանչյուր ներդրում կարող է մոտ ապագայում ավելի մեծ առաջընթացի հնարավորություններ տալ:

Facebook-ի օգտվողների տարիքային խմբերը Հայաստանում

Facebook-ի օգտվողների տարիքային խմբերը Հայաստանում

Twitter.com

Twitter.com

Հայաստանից գրանցված ֆեյսբուքյան օգտվողների գերակշռող մասը կազմում է 18-34 տարիքային խումբը` 68%:

Նմանատիպ է իրավիճակը նաև Twitter.com միկրոբլոգային համակարգում, որտեղ նույնպես հայ օգտվողների զգալի աճ է նկատվում. այն տեսանելի է ամեն օր թվիթերյան նոր օգտվողների հետևելու առաջարկներով, որը ցուցադրվում է Twitter-ի օգտվողի վահանակում: Հստակ վիճակագրություն առայժմ գոյություն չունի` թե քանի օգտվողներ են գրանցված Հայաստանից Twitter-ում, սակայն այս բացը շուտով ևս կլրացվի հայկական tweets.am սոցիալական-վիճակագրական բովանդակությամբ և ագրեգատոր կայքի ստեղծումով:

Armenix Armenian microblogging service

Armenix հայկական առաջին միկրոբլոգային համակարգ

Հայկական միկրոբլոգային համակարգում` Armenix.com-ում, ևս վերջին երկու ամիսների ընթացքում նկատվում է օգտվողների դինամիկ աճ, ինչը ևս պայմանավորված է հայ ինտերնետ հասարակության ակտիվությամբ, ինչպես նաև միկրոբլոգինգի և բլոգոսֆերայի հանդեպ հետաքրքրության աճով:

Վերջաբանի փոխարեն

Trends.am Monitoring հրապարակումների շրջանակներում ամեն ամիս Trends.am-ի կողմից ներկայացվելու են հայկական ինտերնետի փոփոխությունները, առաջընթացներն ու նորամուծությունները, և այդպիսով, ճիշտ չենք համարում այս նյութն ավարտել վերջաբանով, այն շարունակական է և ունենալու է նոր տվյալներ հաղորդելու պատճառներ, քանի որ հայկական ցանցն ապրում է ուժգին զարգացում…



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *