Բարքեմփ է գալու` թեժ է լինելու…

BarCampEVN2011

Հունիսի 4-5 տեղի ունենալիք միջոցառումը` BarCamp-ն, արդեն ակտիվորեն քննարկվում է համացանցում և օֆֆլայն ռեժիմում: Գրանցումը սկսված է , օր-օրի ավելանում են նոր մասնակիցներ, կազմակերպիչներն էլ ներկայացնում են վերջին տեղեկությունները:

ԲարՔեմփը տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի թեմաներով չկոնֆերանս է` ոչ ֆորմալ մթնոլորտում անցնող միջոցառում, ինչն այս դեպքում ապահովում է ազատ քննարկումներ ներկայացված թեմաների շուրջ: ԲարՔեմփի պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ այս տիպի միջոցառումն առաջին անգամ անցկացվեց ԱՄՆ-ում, Silicon Valley-ում: Հետագայում այն լայն տարածում ստացավ աշխարհում, իսկ Հայաստան հասավ 2009 թվականին:

Այդ տարվա Ապրիլի 17-19 տեղի ունեցավ «ԲարՔեմփ Երևանը»:

ԲարՔեմփն ունի յուրօրինակ փիլիսոփայություն, որն էլ տարբերում է այն մյուս նմանօրինակ միջոցառումներից: Ինչպես նշված է ԲարՔեմփ Երևանի պաշտոնական կայքում` փիլիսոփայությունը հետևյալն է. “չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները”։

ԲարՔեմփ Երևանի նախաձեռնող խմբի անդամներից Գեղամ Վարդանյանը պարզաբանում է. “ԲարՔեմփն այն մարդկանց համար է, ովքեր օգտվում են ինտերնետից: Եթե փորձեմ թիրախային խմբեր նշել` լրագրողների համար է, բլոգներով և սոցիալական ցանցերով հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև ծրագրավորողների, գուցե նաև ինտերնետ դիզայնով զբաղվողների համար”: Այս ամենին նա ավելացնում է, որ այս միջոցառումն այն դեպքում միայն լավ և հաջողված կհամարվի, եթե լավ և հաջող հանդես գան մասնակիցները, քանի որ հենց նրանք են կազմակերպիչները: “Կլինեն հետաքրքիր պրեզենտացիաներ` հետաքրքիր կանցնի: Լավ կազմակերպված կլինեն ինչ-որ զուգահեռ միջոցառումներ` ավելի հետաքրքիր կլինի: Իսկ եթե մարդիկ անհավես կլինեն` ոչինչ էլ չի լինի”:

Նախկին երկու ԲարՔեմփների “ամենահավեսով” մասնակիցներից Ռոբերտ Մարկոսյանը նշում է, որ այս միջոցառումն իր համար յուրօրինակ տոն է: Առաջին անգամ, 2009 թվականին, իրեն մի փոքր օտար էր զգում. “Քանի որ այս ոլորտը բավական սահմանափակ էր և բոլորը միմյանց ճանաչում էին, ի տարբերություն ինձ: Սակայն բավական նոր բաներ սովորեցի, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացա”: Արդեն 2010-ին Ռոբերտը ներկայացավ սեփական պրեզենտացիաներով, կիսվեց ձեռք բերված փորձով ու կրկին ինչ-որ բաներ սովորեց: Արդյունքում ճանաչվեց ամենաակտիվ մասնակից:

Կարևոր է միջոցառման մթնոլորտը: “Դրանից շատ բան է կախված”, – ասում է Գեղամ Վարդանյանն ու նշում, որ համացանցի օգտվողների այս տարվա ԲարՔեմփի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությունն ու ոգևորությունը պայմանավորված է նրանով, որ նախկին երկու տարիներին կայացած այս միջոցառումների ազատ և ոչ ֆորմալ մթնոլորտը դուր է եկել մարդկանց: Ռոբերտ Մարկոսյանն անկեղծ ասում է, որ ամբողջ տարվա ընթացքում կարոտով է սպասում այն մթնոլորտին, որը լինում է ԲարՔեմփի ընթացքում: Իսկ այս տարվա ԲարՔեմփից սպասելիքները մեծ են. “Հույս ունեմ, որ այս տարի մենք էլ ավելի շատ հետաքրքիր և նոր թեմաների կանդրադառնանք ԲարՔեմփի ընթացքում: ՏՏ ոլորտի մասնագետների, բլոգերների և ուղղակի հետաքրքրվողների համար, կարծում եմ, սա իսկական տոն է լինելու”:

Մնում է ավելացնել, որ 2011-ի միջոցառման հատուկ հյուրերն արդեն հայտնի են` ներկայացուցիչներ “Վիմպելկոմ» և Օպերա սոֆթվեր (Opera Software) ընկերություններից, Livejournal ցանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերիշև, և “Բի-Բի-Սիի” հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսին։

ԲարՔեմփ Երևան 2011-ը տեղի կունենա հունիսի 4-5 Ամերիկյան Համալսարանում: Միջոցառման մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար այցելեք միջոցառման պաշտոնական կայք` www.barcamp.am/:

Բարքեմփ Երևան 2011-ի հաշթեգն է` #barcampenv11

Լուսանկարները` http://www.ireport.am և http://robbie-raul.blogspot.com



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *