Կոմիտասը փողոց չէ, մարդի’կ, Կոմիտասը երգահան է…

Komitas

«Թանգարանային գիշերը» Հայաստանում անցկացվում է արդեն 7-րդ տարին: Այն լավագույն առիթներից է մեկ անգամ ևս հասարակության` հատկապես գիշերասեր երիտասարդության ուշադրությունը թանգարանային հավաքածուներին հրավիրելու, նրանց իրազեկվածությունը բարձրացնելու ու սեփական արմատները առավել լավ ճանաչելու համար:

Մայիսի 14-ին երևանյան հասարակության խանդավառությունը առավել քան տեսանելի էր. Բոլոր թանգարանները լի էին ամենատարբեր տարիքի մարդկանցով: Մարդիկ իսկապես սպասում էին այս տոնին, թանգարանների դիմաց հերթեր էին գոյանում. հայ հասարակությունը մայիսյան այդ հրաշալի օրը վերածեց համըդհանուր տոնի:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հանդիպեցի ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանին, և, առիթը բաց չթողնելով, շատ հետաքրքիր մշակութային զրույց ունեցա նրա հետ:

«Ես ամեն տարի այս օրը էստեղ եմ, Չարենցը ինձ համար մի ուրիշ երևույթ է, Չարենցը հանճար է, Չարենցը ոգի է, այսիքն Չարենցի մեջ կա 5 խոշոր բանաստեղծ,  կա Տերյան, կա Բլոկ, Մայակովսկի.., և այդ ոգին անմեկնելի է, անքննելի, ոնց կարող ես ոգին վերլուծել, այսինքն մենք դեռ չենք հասել Չարենցին»,- զրույցի սկզբում նշեց արտիստուհին:

Չարենցասեր մարդիկ Սիլվա Յուզբաշյանին հաճախ են տեսնում այս թանգարանում, ասմունքողը նշում է, որ այստեղ մտնելիս նա ունենում է այնպիսի զգացում, ինչպիսին, որ եկեղեցի մտնելիս է ունենում, այստեղ ուրիշ խորհուրդ կա: Իսկ թանգարանային օրվա մասին նշեց.

«Հրաշալի է, որ գոնե այս ճանապարհով թանգարանների դռները մեկ-մեկ երիտասարդների առջև կարող ենք բացել: Բոլորս գիտենք, որ այսօր դիսկոտեկներն են լիքը, շոուբիզնեսն է հաղթարշավի մեջ, բայց այսպիսի օրերին հոգիս ուղղակի հաճույքից փառաբանվում է, որ տեսնում եմ` ինչպիսի հրաշալի երիտասարդություն ունենք, մենք անընդհատ տրտնջում ենք, բայց էդպես չի, մեր երիտասարդությունը շատ լավն է, ամեն ինչ կորած չէ»,- հիացմունքով իր հույզերով կիսվեց արտիստուհին:

Սիլվա Յուզբաշյանը կարծում է, որ երիտասարդությանը պետք է մատուցել, պետք է ուղղորդել ճիշտ ճանապարհով. «Իրենք խմորի պես մի բան են, ոնց հունցես, էնպես կստանաս: Այսօր էստեղ գալիս ես տեսա երիտասարդների բազում խմբեր, մեկն ասում էր` հիմա պետք է Դեմիրճյանի անվան թանգարան գնամ, մյուսը ասում էր` պետք է գնամ Քոչարի թանգարան: Սա պարզապես հրաշալի երևույթ է»,- նշում է նա:

Իմ այն հարցին, թե այս տոնը հայ մշակույթի լավագույն քարոզի ձևերից է, արտիստուհին հավելեց. «Մենք իսկապես մշակույթի ժողովուրդ ենք, էս գլոբալիզացիայի շրջանում օդի պես պետք է մեր այս հոգևոր վիճակը, մենք օվկիանոս չենք, օվկիանոսը կարող է ինքնամաքրվել ինքն իրենով, իսկ մենք լիճ ենք, կարող է ճահճանանք, փտենք և վերանանք»:

ՀՀ վաստակավոր արստիտուհու մշակութային խոհերը վերաբերում էին նաև մեր եթերին: Ըստ նրա` այն, ինչ այսօր մատուցում են հայկական հեռուստանըկերությունները մտածելու լուրջ տեղիք է տալիս:

«Հեռուստացույցը կարող է մարդ սարքել և կարող է մարդ փչացնել, հիմա մենք հակառակն ենք անում»,- խորը ցավով ասում է ասմունքողը:

Նա կարծում է , որ իրար անըդմեջ հաջորդող սերիալներն ու տեսահոլովակները պետք է լինեն, բայց դրա կողքին պետք է լինի նաև մեր անաղարտ մշակույթը. «Դրա համար հարցնում են` Կոմիտասն ով է, ասում են` փողոց է»,- զարմանում է տիկին Սիլվան:

«Ես հասկանում եմ, որ էստեղ կան ֆինանսական հարցեր, գովազդներ, ռեյտինգ, բայց էսպես չի կարելի, ամեն ինչ փողով չէ»:

Վահան Տերյանն ասում է. «Նյութական արժեքները կարելի է վերականգնել, հոգևոր արժեքների կորուստը անդառնալի է»,- բանաստեղծի խոսքերն է մեջբերում արտիստուհին և վերջում կոչ անում. «Մենք մտածելու շատ բան ունենք, եկեք խորը մտածենք»:

 



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *