Երևանյան թանգարանային գիշեր

museums-night-yerevan-2011

«Թանգարանների գիշեր» միջազգային տոնը ամեն տարի մեկնարկում է մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը` մայիսի 14-ին: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

«Թանգարանը և հիշողությունը» խորագրի ներքո ընթացող այս տարվա «Թանգարանների գիշեր» ակցիան մեր երկրում կանցկացվի «Գրավոր հիշողություն» կարգախոսի ներքո, որը նվիրվում է հայկական գրավոր ժառանգությանն ու Հայ գրատպության 500-ամյակին:

 

Հայաստանն արդեն 7-րդ տարին է, ինչ միացել է միջազգային այս տոնին: Ակցիան միավորել է Երևանի և հանրապետության բոլոր մարզերի շուրջ 60 թանգարաններ` անկախ ենթակայությունից:

Մայիսի 14-ին արևամուտից մինչև կեսգիշեր հայաստանյան բոլոր թանգարանների դռները բաց էին մշակութասեր հասարակության առջև: Անկախ տարիքից` մեծ ու փոքր, շտապում էին ինչքան հնարավոր է շատ թանգարան այցելել, տեսնել այն հայտնի մարդկանց ստեղծագործությունները, որոնք տեսել էին կամ ոչ:

Երևանյան թանգարանային գիշեր

Երևանյան թանգարանային գիշեր 2011

«Գաֆեսճյան արվեստի կենտրոնը ունի 8 ցուցասրահ, այս պահին ամեն մեկն ունի տարբեր ուղղվածություն: Մենք թանգարանային գիշերը և թանգարանների միջազգային օրը նշանավորեցինք Հակոբ Հակոբյանի «Հողեղեն գույների երգ» ցուցադրությամբ, որը կտևի  3 ամիս: Սա մեր հատուկ ծրագիրն է այսօրվա համար»,- մեզ հետ զրույցում նշեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հանրային կապերի և մարկեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանը:

Գարնանային տոնական տրամադրություն, երևանյան աստղազարդ երկինք, խանդավառ երիտասարդներ,  ուրախ մարդիկ…. Մի խոսքով, շաբաթ օրը Երևանը շատ թանգարանային էր J

Ես հասցրեցի լինել 4 թանգարանում– Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան, Ե. Չարենցի տուն-թանգարան և Ազգային պատկերասրահ, տպավորությունները ամենատարբեր են:

Բուռն աժիոտաժ, արևային դեմքեր, ջազ, գիշերասեր երիտասարդություն… Թանգարանասեր հասարակության ուշադրությանն եմ ներկայացնում  մեր ֆոտոշարքը:

 

 

 

 

«Թանգարանային գիշեր» -ները սկիզբ են առել 1999 թ., երբ Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով` ֆրանսիական թանգարաններում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար` «բաց դռների» օր հայտարարելով ու անվանակոչելով այն «Թանգարանային գարուն»: Նախաձեռնությունը շատ շուտով նվաճում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությունն ու Եվրոպայի խորհրդի աջակցությունը:

2001թ. այն վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի և ընդլայնում ոչ միայն ակցիայի մասնակից երկրների աշխարհագրությունը, այլև` աջակցողների ու համակիրների ցանկը: «Թանգարանների գիշեր» ակցիան վերջին տարիներին հովանավորում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իսկ այս տարվանից նախաձեռնությանն է միացել ԻԿՕՄ-ը /Թանգարանների միջազգային խորհուրդը/:

ՀՀ մշակույթի նախարարությունը կարևորելով Եվրոպայի թանգարանների հետ համագործակցությունն ու փոխադարձ կապերի հաստատումը, խրախուսում է Հայաստանի թանգարանների մասնակցությունն ու ինտեգրումը եվրոպական մշակութային ընտանիքին և համակարգում միջոցառման անցկացումը Հայաստանի թանգարանների կողմից: Վերջին 3 տարիների դիտարկման արդյունքներն ինքնին խոսուն են. 2009թ. «Թանգարանների գիշեր» ակցիային մասնակցել են հայաստանյան 26 թանգարաններ, 2010թ.` 42, 2011թ.` 60:

Մայիսի 14-ին 18:00-24:00 և մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրը բոլոր թանգարանները կգործեն անվճար:

Լուսանկարները` Լիանա Մանուսաջյանի



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *