«Տա~շի» կանչել արժի ու արժե 7 հազար դոլար

marriage2

Մայիս-վայիսը մնաց ետևում: Բոլոր նրանց համար, ովքեր մայիսին խուսափում են հարսանիքից, և համարում դա ամուսնական կյանքի անհաջողությունների պատճառ, հունիսը բացում է հարսանիքներիի սեզոնը:

Սակայն, եթե մայիսին վախերը պայմանավորված են սնոտիապաշտությամբ, ապա հունիսից դրանք ավելի շոշափելի ու նյութական բնույթ են կրում: Արդեն վաղուց «հարսանիք հնարավորությունների սահմաններում» ասվածը չի գործում: Հարսանիքն ունի իր չափանիշները, իր բաղադրատարրերն ու ավանդույթները, որոնք նորապսակներին ի վերջո կանգնեցնում են ընտրության առջև` անել լիարժեք ու հետևաբար լիԱՐԺԵՔ հարսանիք կամ դա չանել առհասարակ: Հարսանյաց արարողության պատրաստությունը անցնում է պարտադիր մի քանի քայլերով:

Երևանյան հարսանյաց սրահներից մեկի աշխատակցուհին նշեց, որ նորապսակների ցանկությունները տարբեր են, հետևաբար` գումարային ներդրումն էլ գտնվում է մեծ տատանումների մեջ: «Կան նորապսակներ, որոնք նախընտրում են մինիմալ ծախսեր, այսինքն` հարսի զգեստը 50 հազար դրամ, տարոսիկները ` 500 դրամ ու այդպես էժան գներով, ապա նրանց վերջնական ծախսը կազմում է մոտ 7000 ԱՄՆ դոլար, դե իսկ ավելի ճոխը նախընտրողներինը` հասնում է միլլիոնների»: Հայուհիների նախընտրությունները հարսանյաց զգեստների հարցում ,ըստ աշխատակցուհու, տարբեր են` պայմանավորված ճաշակից և բյուջեից: «Հիմա նորաձև են նստած զգեստները, սակայն աղջիկներ կան, որ մանկուց երազել են ունենալ ուռած զգեստ և վերցնում են այդպիսին: Նաև գնային տարբերություն կա արդեն հագած և նոր զգեստների գների միջև»:

Երևանի «Մեդեա» գեղեցկության սրահի վարսահարդար Ռուզաննան նշեց, որ նորաձևությունից ու տենդենցներից զատ վարսահարդարը պետք է ուշադրություն դարձնի նորահարսի դեմքի օվալին, տեսքին ու հագուստին: «Աշխատանքի մոդելը ընտրում է ինքը` նորահարսը կամ նրան օգնում ենք մենք: Մերօրյա ժամանակակից հարսանյաց սանրվածքները ճիշտ են նայվում կիպ հավաքված կոսերով, որոնց մեջ ծածկույթի տակ դրվում է բաբիններ, եթե մազերը նոսր են: Լինում են շատ դեպքեր, որ հարսնացուները նախընտրում են թափված ձև` ֆլյուներով լոկոններ: Հարսնացուների համար գեղեցիկ են դիտվում նաև թարմ լիլիաներով զարդարված սանրվածքները: Գեղեցկության սրահի ծախսերը կազմում են 10000-20000 դրամ»:

Հարսանեկան արարողության մեջ պսակը ամենակարևոր և առանցքային տեղն է զբաղեցնում; Բայց արի ու տես, որ անգամ պսակի խորհուրդը կատարելու և Աստծո օրհնությունը ստանալու համար անհրաժեշտ է հարսանեկան բյուջեի մեջ մտցնել նաև եկեղեցում հերթագրման համար մուծվող գումարը և 3000-5000 դրամ` Պսակի մասին վկայականը ստանալու համար:

Ռեստորանային ծախսերը տատանվում են ըստ տվյալ ռեստորանի հեղինակության, կարգավիճակի և մակարդակի` աթոռի համար 7000 դրամից մինչև կլորիկ գումարներ

Ռեստորանային ծախսերը տատանվում են ըստ տվյալ ռեստորանի հեղինակության, կարգավիճակի և մակարդակի` աթոռի համար 7000 դրամից մինչև կլորիկ գումարներ

Հաջորդ կարևորագույն կետը հարսանեկան արարողության հարսանյաց սրահն է կամ ավելի պարզ ասած`ռեստորանը: Ռեստորանային ծախսերը տատանվում են ըստ տվյալ ռեստորանի հեղինակության, կարգավիճակի և մակարդակի` աթոռի համար 7000 դրամից մինչև կլորիկ գումարներ: Ռեստորանային ծառայության մեջ են մտնում երաժշտությունը, թամադան,լուսանկարումն ու նկարահանումը և այլ բաներ` կախված «հարսանքավորների» ցանկությունից կամ ավելի ճիշտ կլինի ասել հնարավորություններից: Հինգամյա աշխատանքային փորձով երիտասարդ թամադա Սպարտակ Գրիշյանը գտնում է ,որ թամադայի իրական պարտականությունը ամբողջական շոու կազմակերպելն է, ոչ թե միայն կենացներ հնչեցնելը: «Թամադայի պարտականությունների մեջ շատ բան է մտնում. մշտական և աննկատելի կոնտակտը ռեստորանի ամբողջ անձնակազմի հետ, երաժիշտներին անխոս հասկանալը և հասկացնելը և առհասարակ լիարժեք շոու կազմակերպելը, որպեսզի հարսանիքի մասնակիցները ոչ միայն տեսասկավառակի մոնտաժված տարբերակից հաճույք ստանան, այլև բուն հարսանիքից»: Թամադայի հոնորարը, ըստ Սպարտակի, կախված է նրա հայտնիությունից (խաղացած սերիալի վարկանիշից), հեղինակությունից և աշխարհագրական տարածքից: «Եթե մարզերում հնարավոր է գտնել 30000 դրամ հոնորարով թամադա, ապա Երևանում գինը մի քանի անգամ բարձր է»:

Ամենաթանկ հարսանիքը պատմության մեջ համարվում է 2004 թվականին տեղի ունեցած ազգությամբ հնդիկ Վանիշա Միթալի և Ամիթ Բհաթիա Վեդի 5–օրյա հարսանիքը, որին մասնակցել են 1 միլլիոն հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Հարսանիքը տեղի է ունեցել Ֆրանսիայում և միայն գինիների արժեքն եղել է 1.5 միլիոն դոլարից ավել: Ընդհանուր հարսանիքը նորապսակների ծնողներին արժեցել է 60 միլլիոն ԱՄՆ դոլար: Իսկ դարի հարսանիք համարվում է մեկ ամիս առաջ տեղի ունեցած անգլիական թագավորական հարսանիքը, որին ներկա էին 1900 հրավիրյալ և արժեցավ 30 միլլիոն եվրո գումար:

Մանուշակի և Հովհաննեսի հարսանիքը Youtube-ում հայտնվել է Իսկական հայկական հարսանիք անվանումով

Մանուշակի և Հովհաննեսի հարսանիքը Youtube-ում հայտնվել է Իսկական հայկական հարսանիք անվանումով

Եթե այս հարսանիքները համացանցի ամենա-ների մեջ են հայտնվել իրենց ծախսերի շնորհիվ, ապա Մանուշակի և Հովհաննեսի հարսանիքը Youtube-ում հայտնվել է Իսկական հայկական հարսանիք անվանումով: Վերջիններս միմյանց հետ ծանոթացել են Սասուն ազգագրական երգի-պարի համույթում: Սեփական հարսանիքը յուրօրինակ անցկացնելու միտքը վաղուց են ունեցել: Ավելի ուշ`հարաբերությունները լրջացնելուց և հարսանիքի կազմակերպման մասին զրույցների ժամանակ պարզել են, որ ունեն նույն պատկերացումներն ու երազանքները: «Մերօրյա հարսանիքների հետ համեմատած տարբերությունները շատ էին: Սկսած տարոսիկներից, որոնք պարկեր էին` լցված հայկական ընտանիքի ամրությունը խորհրդանշող ընկույզով, նռով և ցորենով, երաժշտությունը, հարս ու փեսայի ձիով գնալը, ձիուց ընկնելը և այլն»: Մանուշակի և Հովհանեսսի հարսանյաց արարողությունը անցել է ըստ ընդունված արարողակարգի` փեսան հարսին վերցրել է հայրական տնից, գնացել են եկեղեցի, այնուհետև փեսայի տուն: «Միտքը ամբողջովին մերն էր: Նույնիսկ տարոսիկների, մոմերի, բաժակների և զամբյուղների ձևավորումն էինք մենք արել: Քույրիկներս մեկ շաբաթում ամեն բան ավարտին հասցրեցին: Երկուսս էլ ուզում էինք տարազ հագնել, փորձեցինք համադրել ժամանակակից զգեստի սպիտակ դետալների հետ: Ի դեպ, զգեստների ձևավորումն էլ էինք մենք արել»:

«Չէ,ավանդապաշտ չենք, Ավանդական հարսանիքի ժամանակ հարսը փեսայի տան մոտ դժվար թե պարեր, իսկ ես պարել եմ»

«Չէ,ավանդապաշտ չենք, Ավանդական հարսանիքի ժամանակ հարսը փեսայի տան մոտ դժվար թե պարեր, իսկ ես պարել եմ»

Մանուշակը կարծում է, որ ավելի ավանդական կլիներ ամեն ինչ, եթե եղանակը չխանգարեր հարսանիքը դրսում անել: Իրենց ավանդապաշտ ևս չի համարում մեկ պարզ պատժառով. «Չէ,ավանդապաշտ չենք, Ավանդական հարսանիքի ժամանակ հարսը փեսայի տան մոտ դժվար թե պարեր, իսկ ես պարել եմ»:

Այն, թե որքան կլինի հարսանեկան լիմուզինի երկարությունը, սանրվածքը կլինի ռոկոկո, թե բարոկո, թամադան` լավ սերիալի լավ տղան, թե հայտնի հաղորդավար, եկեղեցում նշանակված օրը 11.11.2011, թե ուղղակի երջանիկ մի օր մեծ հաշվով կարևոր չէ: Առավել կարևոր է, որ այն հիմնված լինի փոխադարձ սիրո և հարգանքի վրա, ունենա ամուր հիմք և ձևավորվի լավի ու գեղեցկի չափանիշներով:

Հ.Գ. Մի փոքր թամադայացած` Սիրարփի Թելիմյան :)



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *