Այսօր ամենուր խոսվում է հայ զբոսաշրջությունից, դրանում առկա թերություններից և, յուրաքանչյուրը իր «սուրբ պարտքն» է համարում դատողություններ և վերլուծություններ անել, թե ինչու են քիչ զբոսաշրջիկներ այցելում Հայաստան, այցելելու դեպքում ինչու են միայն Գառնի-Գեղարդ գնում, և նմանատիպ շատուշատ հետաքրքրաշարժ զբոսաշրջային քննարկումներ` ամենուր և մանավանդ այս սեզոնին:
Մեր կայքը ևս խիստ անհանգստացած է հայկական տուրիզմի զարգացմամբ և պարբերաբար անդրադառնում է զբոսաշրջային միտումներին: Այս անգամ հայկական տուրիզմի զարգացման, դրան խոչընդոտող շատուշատ հարցերի պատասխանների ակնկալիքով ձեզ ենք ներկայացնում հարցազրույց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջության ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանի հետ:

Հայաստանի կառավարության որոշմամբ զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը...
1. Հայաստանի կառավարության որոշմամբ զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Հայաստանում տուրիզմը զարգացման ի՞նչ փուլում է գտնվում:
Հայաստանում առկա է զբոսաշրջային հսկա ներուժ, որն իրացնելու խնդիր կա: Բայց պետք է նաև փաստել, որ բավական շատ գործ արվել է: Այսօր մեր երկրի զբոսաշրջային ներուժն իրացնելու և նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն ներկայացրել է զբոսաշրջային միջանցքների ռազմավարությունը: Համաձայն դրան, Հայաստանը բաժանվել է մի քանի զբոսաշրջային միջանցքների, որոնցում առկա կամ հնարավոր զբոսաշրջային արդյունքները կարելի է համատեղել մեկ ընդհանրական տրամաբանությամբ:
Դրա վառ օրինակն է Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքը, որը պայմանականորեն բաժանված է 5 գոտիների` կլաստերների` յուրաքանչյուրն իր յուրահատկությամբ: Միջանցքների ռազմավարության շնորհիվ մենք կկարողանանք այսպես ասած «խմբավորել» առաջարկները, դրանք նոր լույսի ներքո ներկայացնել, նոր առաջարկներ ի հայտ բերել, և այս ամենի արդյունքը կլինի ավելի զարգացած զբոսաշրջային ինդուստրիան և ծառայությունների ավելի բարձր մակարդակը:

Հայաստանում ոլորտի զարգացման լուրջ խնդիրներից է բավարար ֆինանսական միջոցների պակասը
Պատասխանն ամփոփելով` կարելի է ասել, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը միջանցիկ փուլում է գտնվում, որին որպես կանոն հաջորդում է ավելի համակարգված մոտեցումը:
2. Ձեր բնորոշմամբ որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք արգելք են զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:
Հայաստանում ոլորտի զարգացման լուրջ խնդիրներից է բավարար ֆինանսական միջոցների պակասը: Մենք հակված ենք այն տեսակետին, որ զբոսաշրջիկը Հայաստան չի այցելում ոչ այն պատճառով, որ մեզ մոտ վատն է ենթակառուցվածքը կամ հյուրանոցների ու ավիատոմսերի գինն է բարձր, այլ որովհետև Հայաստանի մասին տեղեկացված չէ:

Հայաստանը յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն է, բայց եթե մենք այդ մասին տեղեկատվություն չտարածենք թիրախային շուկաներում, եթե չգնանք և չհանդիպենք դեռևս որոշում չկայացրած զբոսաշրջիկի կամ արտասահմանի զբոսաշրջային օպերատորի հետ, ապա դժվար թե հասնենք արագ արդյունքների:
Իհարկե, մենք մասնակցում ենք և ներկայացնում ենք Հայաստանը համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ, բայց ոլորտի խթանման համար հատկացվող միջոցները վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ կրճատվել են: Հայաստանը յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն է, բայց եթե մենք այդ մասին տեղեկատվություն չտարածենք թիրախային շուկաներում, եթե չգնանք և չհանդիպենք դեռևս որոշում չկայացրած զբոսաշրջիկի կամ արտասահմանի զբոսաշրջային օպերատորի հետ, ապա դժվար թե հասնենք արագ արդյունքների:
3. Անըդհատ խոսվում է հայկական պատմամշակութային կոթողների մասին: Հայաստանի զբոսաշրջային գրավականը միայն հուշակոթողնե ՞րն են:
Հայաստանում առկա է բավական մեծ, սակայն չիրացված զբոսաշրջային ներուժ: Կարծում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ավելի մրցունակ` առաջարկելով զբոսաշրջային բազմազան արդյունքներ: Ապա անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձել այդ արդյունքների վերհանմանը:

Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն աշխատում է նոր և յուրահատուկ զբոսաշրջային արդյունքների զարգացման ուղղությամբ
Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն աշխատում է նոր և յուրահատուկ զբոսաշրջային արդյունքների զարգացման ուղղությամբ: Երկրի հարավում մենք ստեղծում ենք արկածային, պատմամշակութային, խոհանոցային, գյուղական, արհեստի զբոսաշրջային արդյունքներ: Համոզված ենք, որ դրանց միջոցով մեր երկիրն ավելի գրավիչ կդարձնենք զբոսաշրջիկների ավելի մեծ և պահանջկոտ խմբերի համար:
4. Վերջերս ինտերնետային կայքերում և բլոգներում հայտնվեցին ինֆորմացիաներ, նկարներ, ըստ որոնց հայկական շատ հուշակոթողների շրջակայքում տեղադրված ինֆորմացիոն վահանակների վրա սխալ ինֆորմացիա է տեղադրված, (Քարահունջի, Տաթևի օրինակներ):
Ի՞նչ եք կարծում, հայկական հուշարձանների վերաբերյալ թյուր ինֆորմացիաների տարածումը որքանով կարող է նպաստել հայ մշակույթի պրոպագանդմանը Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանակում:
Հիմնադրամին սա որևէ կերպ չի՞ մտահոգում:
Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի կողմից տեղադրած վահանակների մասին: Սա մասնավոր ձեռնարկ է: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մեր տեղեկություններով վահանակների վրա ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Զորաց Քարերը կամ Քարահունջը մեծ բրենդ է հայ իրականության մեջ, ցավոք չկիրառվող բրենդ
5. Զորաց Քարերը կամ Քարահունջը մեծ բրենդ է հայ իրականության մեջ, ցավոք չկիրառվող բրենդ:
Մրցունակության հիմնադրամի կողմից որևէ ծրագիր կա՞ այս հուշակոթողի հետ կապված, որ գուցե խթան կարող է հանդիսանալ հուշարձանի արժեհամակարգի տարածման համար:
Զորաց Քարերը գտնվում են Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքում, մասնավորապես` Սիսիանի կլաստերում: Քանի որ այս ողջ ուղղությունը մրցունակության հիմնադրամի ուշադրության կենտրոնում է, իհարկե, Զորաց Քարերի` որպես զբոսաշրջային ուղղության, հետ կապված ծրագրեր կլինեն: Սակայն 2011-ի առաջնահերթությունները Տաթևի կլաստերը և Մոզրովի քարանձավն են:

Տաթևի ճոպանուղու բացումը անցած տարի մեծ զբոսաշրջային «իրարանցում» առաջացրեց
6. Տաթևի ճոպանուղու բացումը անցած տարի մեծ զբոսաշրջային «իրարանցում» առաջացրեց և‘ Հայաստանում, և‘ երկրի սահմաներից դուրս: 2011-ին ի՞նչ նոր նախաձեռնություններով է պատրաստվում ներկայանալ Մրցունակության հիմնադրամը:
Ակնկալիքներն ու անելիքները 2011-ին շատ են: Տարվա ընթացքում մրցունակության հիմնադրամը շարունակելու է ակտիվ գործողությունները երկրի հարավում, մասնավորապես` Տաթևի կլաստերում, որն ընդգրկում է Տաթևի վանական համալիրը և շրջակա 6 գյուղերը:
Փորձելու ենք նաև իրավական և ինստիտուցիոնալ կառույց ստեղծել այս գոտու համար, որը կհամակարգի հողերի կառավարումը, եկեղեցի-կառավարություն-ներդնող-հասարակություն հարաբերությունները, այլ հարցեր:
2011-ի ընթացքում նախատեսում ենք Մոզրովի քարանձավը վերածել զբոսաշրջային արդյունքի` այն դարձնելով Հայաստանում առաջին զբոսաշրջային քարանձավը: Նաև որոշակի ծրագրեր ենք իրականացնելու Սևանի միջանցքի զարգացման ռազամավարական ծրագրի վերջնականացման ուղղությամբ:
Հարցազրույցը վարեց Մարիամ Աթոյանը, Trends.am