Հայկական ինտերնետ մոնիտորինգ. հուլիս 2011

monitoring trends-am

Trends.am monitoring #2, 09 հուլիսի, 2011թ.

Armenian internet monitoring and stats project  Armenian internet monitoring project by Trends.am

Trends.am-ում նախորդ մոնիտորինգային տվյալների հրապարակումից անցել է ավելի քան երկու ամիս: Այս ժամանակամիջոցում հայկական ինտերնետում ևս նկատելի են եղել ցանցային հասարակության, ինտերնետային ռեսուրսներրի և բլոգոսֆերայի փոփոխություններ, բոլորն էլ` դրական, որոշ տեղերում` աճի դինամիկայի նվազումով:

Նախորդ մոնիտորինգային հոդվածում արդեն խոսվել է այն մասին, որ հայկական ցանցն ապրում է բուռն զարգացում, որն իր հերթին ներառում է հայկական ինտերնետային ռեսուրսների` վեբ-կայքերի, բլոգների, թեմատիկ ուղղվածության նոր ռեսուրսների աճը, սոցիալական ցանցերում հայ օգտվողների ակտիվությունն ու թվի աճը, ինչպես նաև, առհասարակ, ինտերնետի հանդեպ համընդհանուր հետաքրքրության աճը:

Armenian internet monitoring and stats project Հայկական ցանցի ակտիվության և վիճակագրության վերլուծության համար կրկին օգտվել ենք Circle.am հայկական ինտերնետային ռեսուրսների կատալոգից, միջազգային վիճակագրական ծառայությունից` Alexa.com-ից, SpeedTest.net ինտերնետ-արագության չափման ծառայության տվյալներից, ArmFeeds.com հայկական բլոգային ագրեգատոր համակարգից և StatCounter միջազգային ինտերնետային վիճակագրական ծառայությունից:

Circle stats 09.07.2011 All ArmNet

Circle stats 09.07.2011 All ArmNet

Այսպես, 2011թ. մայիսի 1-ի համեմատ, հայկական վեբ-կայքերի ընդհանուր թիվը Circle.am ծառայությունում 1893-ից հասել է 2035-ի: Երկու ամսվա համեմատ գրանցված կայքերի թիվն ավելացել է 142-ով (մոտ 7,5%-ով)*:

Այս տվյալներում հետաքրքրականն այն է, որ Circle.am-ում ամենից շատ աճը գրանցվել է “Մարդիկ, բլոգներ և անձնական” բաժինը` ապրիլի վերջի 287-ից հուլիսի 9-ի դրությամբ հասնելով 322-ի. Այս բաժնում գրանցված կայքերի թվի աճը մոտ երկու և կես ամիսների ընթացքում կազմել է մոտ 13%: Սա իր հերթին ցույց է տալիս հայկական բլոգոսֆերայի աճի տենդենցները:

Հայկական ցանցի ակտիվություն (All ArmNet activity, Circle.am stats)

ArmNet activity

Սույն գրաֆիկից երևում է, որ Circle.am-ում գրանցված կայքերի թվի աճով հանդերձ ցանցում ընհանուր առմամբ ակտիվությունը հակառակ արդյունք է ցուցադրել: 2011թ. ապրիլ ամսվա տվյալներով Circle.am-ում գրանցված բոլոր կայքերի ընդհանուր էջադիտումների թիվը կազմել է 86.783.000 (մաքսիմում 1893 կայքերի համար), իսկ ահա 2011թ. հունիս ամսին գրանցվել է 84.605.000 էջադիտումներ այն դեպքում, երբ գրանցված կայքերի թվի աճին զուգահեռ պետք է աճեին նաև ընդհանուր կայքերի բոլոր էջադիտումների քանակը:

Այս տենդենցն այնքան էլ խոստումնալից չէ, քանի որ այն կարող է խոսել կամ հայ ինտերնետ օգտվողների պասիվության, կամ էլ ինտերնետային ռեսուրսների կողմից մատուցված բովանդակության որակի նվազման մասին:

Circle.am-ն արդեն տրամադրում է տեղեկություններ իր կատալոգում գրանցված ռեուրսների տեղակայման և դոմեյնային անվանումների վիճակագրության վերաբերյալ:

Armenian websites hosting stats

Ըստ հուլիսի 9-ի տվյալների, գրանցված հայկական կայքերի 82%-ը տեղակայված է արտասահմանյան հոսթինգ-սերվերներում և միայն 18%-ն են տեղակայված հայկական սերվերներում: Չունենալով նախորդ ամիսների վիճակագրական տվյալները, չենք կարող խոսել տենդենցների մասին, սակայն վիճակագրական այսպիսի տվյալներն իրականում այնքան էլ հուսադրող չեն, քանի որ հայկական ռեսուրսների ճնշող մեծամասնությունը գտնվում են Հայաստանից դուրս գտնվող ռեսուրսներում:

Armenian websites TLD stats

Circle.am ծառայությունում գրանցված հայկական վեբ-կայքերի կեսն ունեն .am զոնայում գտնվող դոմեյնային հասցեներ, .com զոնայում են գրանցված 33%-ը, .ru զոնայում գրանցված կայքերը` 6%, մնացյալ դոմեյնային զոնաներում` 11%:

Armenian internet monitoring and stats project Եվս մի քանի հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել Circle.am-ը, որտեղ ցույց է տրվում համակարգում գրանցված վեբ-կայքերի Google PageRank ցուցանիշների ընդհանուր պատկերը.

Armenian websites PR stats

Գրաֆիկից երևում է, որ հայկական վեբ-կայքերի 38%-ն ունեն PR4 ցուցանիշ, երկրորդ հորիզոնականում են PR3 ցուցանիշով կայքերը (30%), այնուհետև PR0 ցուցանիշով կայքերը (15%): PR6 և PR7 ցուցանիշներ ունեցող կայքերը կազմում են ընդամենը 2.2%-ը:

Armenian internet monitoring and stats project Հայկական բլոգոսֆերայի շարժի վերաբերյալ վիճակագրական տվյալներն այս անգամ ևս փորձել ենք ստանալ ArmFeeds.com հայկական բլոգային ագրեգատոր համակարգից: ArmFeeds-ում 2011թ. հուլիսի 9-ի դրությամբ գրանցված են 328 հայկական բլոգային ռեսուրսներ (մայիսի 1-ի համեմատ աճը կազմել է +36): Նույն օրվա տվյալներով` ArmFeeds-ում հրապարակված են 66.468 բլոգային գրառումներ (մայիսի 1-ի տվյալներով եղել են 48.588 գրառումներ):

ArmFeeds.com

Մոտ երկու ամիսների ընթացքում ArmFeeds.com ագրեգատոր համակարգում վերահրապարակվել են մոտ 18.000 գրառումներ: Երկու ամսվա համար տվյալ թիվը վեր է բոլոր տեսակի սպասելիքներից. ավելացել են բլոգային գրառումների հրապարակումների պարբերականությունը, ինչպես նաև ակտիվ բլոգերների թիվը:

Վերջին երկու ամիսների ընթացքում բավականին շատացել են ArmFeeds.com-ում գրանվող հայկական մշակութային և կրոնական ուղղվածության բլոգների թիվը (7/3):

Հայ ինտերնետ օգտվողների բրոուզերային նախասիրությունների վիճակագրական պատկերը ստացել ենք StatCounter-ի հրապարակած վիճակագրությունից, ըստ որի հայկական ցանցում իր դիրքերն է ամրապնդում Google Chrome դիտարկիչը (տես գրաֆիկը)

Դիտարկիչների վիճակագրություն Հայաստանի համար

Գրաֆիկից երևում է, որ վերջին ամիսներին իրենց դիրքերը դինամիկ կերպով զիջում են Mozilla Firefox, Opera և Internet Explorer դիտարկիչները` ի հաշիվ Google Chrome-ի առաջխաղացման:

Armenian internet speed stats by Ookla Net Index

Armenian internet monitoring and stats project Հայկական ցանցի մեկ այլ վիճակագրական պատկեր ենք ստացել միջազգային Speedtest.net ինտերնետի արագության չափման ծառայությունից, որի միջին վիճակագրականի համաձայն Հայաստանում ինտերնետի միջին արագությունը 2,17 մբ/վ է: Այս թիվը տրված է 2011թ. հունիսի 8-ից մինչ հուլիսի 9-ը Հայաստանից կատարված 136,906 օգտվողների (ունիկալ IP-ներ) չափած արագությունների հիման վրա:

Armenian internet monitoring and stats project Հայկական Facebook-ում ևս նկատվում է առաջխաղացման դինամիկայի նվազում. Նախորդ մոնիտորինգային հոդվածում նշել էինք, որ Հայաստանից գրանցվողների թվի աճը կազմում էր 18%, ինչն այս վերջին ամսվա տվյալներով նվազել է` հասնելով 5%-ի: Վերջին մեկ ամսվա ընթացքում (հունիսի 9 – հուլիսի 9 միջակայքում) facebook սոցիալական ցանցում Հայաստանից գրանցվել են 5040 նոր օգտվողներ, այնինչ նախորդ մոնիտորինգային վիճակագրականում աճը կազմում էր 18% և մենք ենթադրություն էինք արել, որ այդպիսի տեմպերով հայկական Facebook-ը տարվա վերջում կունենար շուրջ 300.000 օգտվող:

Facebook-ում Հայաստանն այս պահին ունի 180.100 օգտվող և զբաղեցնում է Facebook-յան դասակարգման աղյուսակի 119-րդ հորիզոնականը:

Այսպիսին ենք տեսնում այսօր հայկական ինտերնետը, որի մասին մոնիտարինգային հաջորդ վերլուծությունը կներկայացնենք երկու ամիս անց` 2011թ. սեպտեմբերին:

* Թվերը չեն արտացոլում ամբողջ հայկական ցանցում գոյություն ունեցող վեբ-կայքերի թիվը:

 



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *