Հարցման արդյունքների հետքերով. մանկական և ոչ այնքան մանկական կայքերի թոփ

children toys

Trends.am օնլայն շաբաթաթերթն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր հայ երեխաների անցուդարձին համացանցում, փորձելով վերլուծել հայկական մանկական /և ոչ այնքան մանկական/ կայքերի քանակը, բովանդակությունն ու երեխաների համար օգտվելու հեշտությունը: Այդ նյութում վերլուծել էինք heqiat.am, impoqrik.am և mybaby.am կայքերը և եկել այն եզրակացության, որ ամբողջովին մանկական կայք, ցավոք, չունենք: Փոխարենը` կայքեր քիչ թե շատ մանկական բաժիններով` մուլտֆիլմեր, հեքիաթներ և այլն:

Օրերս Trends.am-ը facebook սոցիալական կայքում կազմեց և անցկացրեց “Ո՞րն է, ըստ Ձեզ, հայկական ամենալավ մանկական կայքը” հարցումը , որի պատասխանների շարքում տեղ գտան քիչ թե շատ մանկական համարվող կայքեր` mocak.am, impoqrik.am, mybaby.am, heqiat.am, magulban.am, santaclaus.am: Մանկական կայքերի մասին տեղեկություն ստանալու համար օգտվել ենք circle.am-ից, որի “մանկական կայքեր” բաժնում տեղ գտած թվով 29 կայքերից հարցմանը մասնակցեցին միայն թվով 6 կայքեր /քիչ թե շատ մանկական/:

Հարցմանը մասնակցած թվով 225 մարդկանցից 51-ն (22.6%) այս հարցի պատասխանը չգիտեն, իսկ 12-ն (5.3%) ընդհանրապես տեղիակ չեն, որ հայկական մանկական կայքեր էլ կան: 51 ձայն (22.6%) ստացած “ԻմՓոքրիկ” մանկական կայքը հայտնվեց երկրորդ հորիզոնականում, իսկ առաջին տեղը բաժին հասավ վերջերս ստեղծված “Մոծակ” կայքին, որը հավաքեց 97 ձայն (43.1%): Հարցմանը մասնակցած մարդկանցից թվով երկուսը (0.8%) համոզված են, որ հայկական ամենալավ մանկական կայքը “MyBaby”-ն է, ևս երկուսը` որ դա “Heqiat”-ն է, իսկ երկու այլ մարդիկ կարծում են, որ թվարկված տարբերակներից ոչ մեկը լավը չէ: Մեկ մարդ ընտրել է “Բոլորն էլ լավն են” տարբերակը: “Magulban” և “SantaClaus” կայքերը ոչ մի ձայն չեն ստացել:

Ինչպես յուրաքանչյուր հարցում, այս մեկն էլ ունեցավ իր` տարբեր մարդկանց կողմից ավելացված հետաքրքիր և մի փոքր տարօրինակ տարբերակներ: Այսպես` “Եթե մանուկներ չկան այս աշխարհում, այդպիսի կայքեր լինել չեն կարող L ” հասկանալի բովանդակությամբ, սակայն անհասկանալի փիլիսոփայությամբ և “d.p.:)”, “kayq@:))”, “qerin ekav mer bak@…. :-D” ընդհանրապես անհասկանալի թե բովանդակությամբ, թե փիլիսոփայությամբ:

“Հետաքրքիր” ավելացված տարբերակներից մեկը, սակայն, որքան էլ տարօրինակ թվա, որոշ չափով, գուցե նաև ամենաշատն է արտացոլում իրականությունը: “Odnoklassniki.ru” տարբերակն ավելացվել է Մհեր Սիմոնյանի կողմից: “Առաջինը, որ մտքովս անցավ, այդ հարցը տեսնելով, դա “odnoklassniki.ru” տարբերակն էր”, – նշում է նա: – “Հիմա, կարադալով Ձեր հարցադրումը, մտածեցի` կատակում էի, թե լուրջ էի գրում: Իրականում այդ կայքը լրիվ մանուկներով է լեցուն: Հայազգի ամենաքիչը ամեն երկրորդ երեխան այդտեղ գրանցված է”, – ասում է Մհերը:

Որոշ երեխաներ գրանցվում են տվյալ կայքում ընդամենը խաղեր խաղալու համար: Այդ տեսանկյունից կայքն իրոք կարող է “մանկական բաժին” ապահովող ռեսուրս լինել, ինչպես, օրինակ, circle.am-ի “մանկական կայքեր” բաժնում տեղ գտած կայքերը, որոնք ոչ թե մանկական են, այլ ուղղակի նման բաժիններ ունեն` խաղեր, մուլտֆիլմեր և այլն: Վերջ ի վերջո` ինչ տարբերություն, թե որտեղ, որ կայքում է գտնվում այն խաղը, որն երեխան խաղում է:

Քիչ չեն, սակայն, նաև այնպիսի երեխաները, որոնք համադասարանցիներն օգտագործում են ոչ թե որպես խաղ պարունակող ռեսուրս, այլ կայքի բուն նպատակով` շփում, ընկերներ և այլն: Իդեպ, սա ավելի հավանական և տարածում ունեցող տարբերակ է: Այսպես`ևս մի “մանկական” կայք, միայն թե ոչ հայկական:

Սա հարցման արդյունքներն են, որոնք խոր վերլուծելն այնքան անիմաստ է, որքան Ձեզ և Ձեր փոքրիկներին սեփական ճաշակի թելադրելը: Սա առաջարկն է, ընտրությունը Ձերն է:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները