..Թե ինչպես մաքրվեց Արցախի խորհրդանիշ “Տատիկ-պապիկի” արձանը

artsakhhelpers

Մոտավորապես մեկ ամիս առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց  “Մաքրենք Տատիկ-պապիկի արձանը” անվամբ մի հրավեր: Միջոցառման հրավերը շատերին հետաքրքեց, մարդիկ դրական արձագանքեցին, և չնայած թվով քչերը պետք է մասնակցեին այս նախաձեռնությանը` կարճ ժամանակամիջոցում  300 մարդ ընդունեց հրավերը:

Նախաձեռնության կազմակերպիչները  հովանավորության խնդրանքով նամակ ուղղեցին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և  ստացան դրական պատասխան։ Մի քանի օր անց, սակայն, երիտասարդները խորը հիասթափություն ապրեցին, որովհետև Արցախի կառավարությունը մերժել էր ղարաբաղյան խորհրդանիշ հանդիսացող “Մենք ենք, մեր լեռները” հուշարձանի մաքրման  աշխատանքները “վստահել” հայաստանցի երիտասարդներին: Փոխարենը առաջարկել էր մաքրել Տիգրանակերտը: Երիտասարդները որոշակի քննարկումներից հետո որոշեցին գնալ և մաքրել  Վանքասարը, որի ստորոտներից մեկում է գտնվում Տիգրանակերտը, քանի որ 24-25 հոգին ի զորու չէր մաքրել հին հայկական Տիգրանակերտ քաղաքի ողջ տարածքը:

Երիտասարնդերը մեկնեցին սեպտեմբերի 24-ին,  մաքրեցին վանքի հարակից տարածքը,  պատերի գրառումները, վանքի ներսը, որը խիստ կեղտոտ վիճակում էր, և անմխիթար վանքին “մաքուր” շունչ տվեցին:

“Գաղափարը լավն է, քանի որ մենք փորձում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շատ հուշարձաններ, որոնք  գտնվում են վատ վիճակում, մաքրել և տեսքի բերել”,- ասում է մաքրման աշխատանքերին մասնակցած Մանե Մարտիրյանը:

Մի հետաքրքաշարժ փաստ`  մինչ երիտասարդները կժամանեին Արցախ, այնտեղ արդեն հասցրել էին մաքրել “Տատիկ-պապիկի” արձանը.  փոքր, բայց նշանակալի երևույթ:)

Ի դեպ,

Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչենագետի աջ ափին։ Կառուցվել է մթա 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել 2005-ին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և Շահբուլաղ կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006-ին սկսվել են Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը

Իսկ Վանքասարը կրաքարե հսկայական եռանկյունատեսք մի լեռ է, որի գագաթին գտնվում է 7-րդ դարում կառուցված կենտրոնագմբեթ եկեղեցին, ստորոտներից մեկում` Տիգրանակերտը, իսկ հակառակ եզրին` վաղքրիստոնեական ժայռափոր համալիրն ու ժայռափոր ջրանցքը: Լեռան վրա գտնվող բոլոր հուշարձանները կառուցվել են լեռան հանքերից հանած կրաքարով, որի հետեւանքով Տիգրանակերտը եղել է սպիտակ քաղաք:

Վանքասարի տաճարը պատկանում է խաչաձեւ կենտրոնագմբեթ փոքրիկ եկեղեցիների տիպին:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները