Շուշին ընդունեց Barcamp Artsakh 2011 ոչ-կոնֆերանսը

IMG_9599

Սեպտեմբերի 3-4 Շուշիում տեղի ունեցավ Barcamp Artsakh 2011-ը` թվով երկրորդն Արցախում: Barcamp Artsakh 2011 միջոցառումը կազմակերպվել էր ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Այս տարի միջոցառմանը ներկա էին ավելի շատ մասնակիցներ` Արցախից և Հայաստանից, ինչպես նաև այլ երկրներից: «Անցյալ տարի Հայաստանից հրավիրել էինք  թվով 40 մասնակիցների, այս տարի`60: Հրավիրվածներ կային նաև Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Արցախի մասնակիցների թիվը մոտավորապես 70 է», – նշում է միջոցառման կազմակերպիչ, Կրթական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը:

Ինչպես նշեց Վլադիմիրը, Շուշին, որպես միջոցառումներն անցկացնելու վայր ընտրված է զուտ քարոզչության տեսակետից. «Որ մարդիկ գան, տեսնեն, գրեն և համոզվեն, որ Շուշին իսկապես հին հայկական մշակութային կենտրոն է: Բացի դրանից, եթե ամեն մարդ մի նյութ պատրաստի և գրի, դա արդեն մի ահռելի տեղեկատվության հոսք է»:

Սեպտեմբերի չորսին պրեզենտացիաների հետ մեկտեղ ներկա գտնվողներին ներկայացվեցին հին հայկական կարպետների պատմությունը` Հին և նոր գորգերի ցուցահանդես-վաճառքի սրահում, և Արցախի, մասնավորապես Շուշիի պատմությունը` նախ պրեզենտացիայի տեսքով ներկայացման սրահներից մեկում, ապա` Շուշիի թանգարանում:

Արցախցի պրեզենտացիա ներկայացնող մասնակիցների թիվն այդքան էլ մեծ չէր, սակայն նկատվում էր ոգևորություն և տվյալ ոլորտով հետաքրքրություն: Ամենաերիտասարդ մասնակիցներից Հայկ Մայիլանն ու Սերգեյ Կուդրյաշևը ներկայացրեցին երկու պրեզենտացիա` artsakhonline.com և kinoman.am: “Artsakhonline-ը տեղեկատվական և ժամանցային մեծ պորտալ է, իսկ kinoman.am-ը կինո CMS, որն, ի դեպ, հայերի կողմից գրված առաջին CMS-ներից մեկն է և առաջինը` գրված արցախցիների կողմից”, նշում է նախագծի հեղինակներից Հայկ Մայիլյանն ու ավելացնում. “Միտքը եկավ Արմինկոյի պատվերի հետ, սակայն մենք որոշեցինք ոչ թե օգտվել համակարգերի ցանկից, այլ գրել համակարգ ինքներս”: Նախագիծը ստեղծվել և մշակվել է ArtsakhTech ցանցային ծրագրավորողների խմբի կողմից:

Միջոցառման խնդիրներից խոսեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, նշելով, որ Արցախյան բարքեմփում առկա էր երևանյան բարքեմփներից անպակաս “բլոգքեմփ” կոչվող խնդիրը: “ՏՏ և մի քանի այլ ոլորտներ բավականին քիչ են ներգրաված, կարելի է ասել, որ գրեթե չկան: ՏՏ ոլորտի մարդիկ ասում են` “բլոգերների հավաք է, չենք գալիս”: Մենք անընդհատ փորձում ենք որևէ ձևով լուծել այդ խնդիրը”:

Մեկ այլ խնդիր էր, ինչպես նշեց Սամվելը, այն, որ ներկայացումների սենյակներն իրարից հեռու էին: “Մարդիկ մի տեղ նստում են ու չեն ուզում այլևս տեղից շարժվել, իսկ բարքեմփի կարևոր մասերից մեկն այն է, որ մարդիկ կարողանան պրեզենտացիայի կեսից դուրս գալ և գնալ մեկ այլ պրեզենտացիայի մասնակցելու, որովհետև, գուցե, այս պրեզենտացիան հետաքրքիր չէ, մյուսը` հետաքրքիր է: Դժվար է նաև որևէ բան ներկայացնել միջանցքում. անցուդարձ է, եռուզեռ է”: Բայց, ինչպես իր խոսքում նշեց Վլադիմիր Գրիգորյանը, “բարքեմփը մնում է բարքեմփ: Ամեն բան պետք է ոչ ֆորմալ լինի”…

Barcamp Artsakh 2011

Անցյալ տարվա ակտիվ բարքեմփականներից Արտակ Բեգլարյանը համեմատում է երկու տարվա միջոցառումներն ու նշում, որ մեծ փոփոխություններ չկային: “Առաջին տարբերությունը քանակականն է, թվով ավելի շատ մարդիկ են հրավիրված: Եվ դա որոշակի որակ էլ է ապահովում: Թեմաները համարյա նույնն են, սակայն զարգացում կա: Մասնագետները ներկայացրեցին ոլորտոի նորություններն ու վերջերս կատարվող իրադարձությունները”: Արտակի խոսքերով, անցյալ տարի նա ավելի շատ հետաքրքիր թեմաներով է շրջապատված եղել, այս տարի հավանել է այն ներկայացումները, որոնք ունեցել են կոնկրետ օրինակներ, դեպքեր, ինտերակտիվություն և հետաքրքիր ներկայացնող:

Barcampers in Shushi

Barcamp Artsakh 2011-ը, ինչպես նշեց միջոցառման կամակերպիչ Վլադիմիր Գրիգորյանը, ունի նախևառաջ քարոզչական առաքելություն: Արտակի կարծիքով, սա առաջին հերթին փորձի փոխանակում է, իսկ ավելի ճիշտ` ոչ թե փոխանակում, այլ ներկրում, քանի որ Հայաստանում ավելի շատ մասնագետներ կան, իսկ Արցախում նրանց թիվը բավականին փոքր է: “Կարևոր է նաև, որ ոլորտի մարդիկ ծանոթանում ու ճանաչում են միմյանց: Այստեղ ծնվում են նոր գաղափարներ, նորարարություն է մտցվում Արցախի հասարակական և մասնագիտական դաշտ”:

Updated (08.09.2011) BarCamp Artsakh 2011 Photo-Report



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *