Բլոգոսֆերա +/-

start-a-blog-board

Էլեկտրոնային հասցե, անձնական տվյալների գրանցում, դիզայներական մեկ-երկու շտրիխ  և ամեն ինչ պատրաստ է. դու ունես բլոգ ու կրում ես բարձրագոչ բլոգեր անվանումը: Հայաստանում այդպես վարվել են հարյուրավոր մարդիկ, համենայնդեպս` Circle.am հայկական վեբ կայքերի ռեյտինգային ցուցակում նրանք` Մարդիկ, բլոգներ և անձնական բաժինը, ունի 353 գրանցված կայք: Ի դեպ` այս բաժինը ամենաշատ գրանցվածներ  ունեցողն է 13 բաժինների մեջ:

Հենց ըստ Circle.am-ի տվյալների` Մարդիկ, բլոգներ և անձնական բաժնի առաջատար, իսկ ԱՄԲՈՂՋ ԱՐՄՆԵԹ (2,220 գրանցված կայք) բաժնում 9-րդ հորիզոնականում գտնվող  Armblog.net-ը` Արմեն Մկրտչյանի բլոգը հիմնականում վերաբերում է սոցիալական ցանցերին, ինտերնետին, ծրագրավորմանը, համակարգիչների հետ կապված խնդիրներին և հնարքներին, այսինքն`  հիմնականում ՏՏ ոլորտի մասին է: Սակայն ուղղվածություն, որպես այդպիսին, այն չունի,  քանի որ այնտեղ Արմենը  տեղադրում է նաև այլ ոլորտի նյութեր, որոնք իրեն և ընթերցողներին դուր են գալիս:

Էլեկտրոնային հասցե, անձնական տվյալների գրանցում, դիզայներական մեկ-երկու շտրիխ  և ամեն ինչ պատրաստ է. դու ունես բլոգ ու կրում ես բարձրագոչ բլոգեր անվանումը:

Էլեկտրոնային հասցե, անձնական տվյալների գրանցում, դիզայներական մեկ-երկու շտրիխ և ամեն ինչ պատրաստ է. դու ունես բլոգ ու կրում ես բարձրագոչ բլոգեր անվանումը:

Բլոգերը նշում է, որ իր բլոգի նպատակն է սեր սերմանել այցելուների մեջ դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և ցույց տալ նրանց, որ ինտերնետը միայն օդնոկլասնիկով կամ չաթով չի սահմանափակվում: Արմենը դեմ չէ նաև բլոգերների թվի օրեցօր ավելացմանը, եթե իհարկե դա չի արվում միայն ընկերներից հետ չմնալու համար: Իսկ նման դեպքերից խուսափելու համար Հայաստանի առաջատար բլոգերը խորհուրդ է տալիս իրարից գրառումներ ու գաղափարներ չգողանալ. «Հենց հաջողության գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ պետք է մտածել սեփականը և մնացածին թելադրել քո նախագծերը, ոչ թե տեսնել ով ինչի մասին է գրում կամ խոսում և պատճենել նրան: Այսօր շատերը տեսնելով իմ բլոգի հաջողությունները ցանկանում են կրկնել այն և իրենց բլոգներին տալ նույն ուղղվածությունը, որը կարծում եմ շատ սխալ քայլ է նրանց կողմից»:

Ամեն ինչի ու բոլորի մասին սեփական, հեղինակային դատողությունները անելու` շատ բլոգերների սովորությունը Արմենը մեկնաբանում է  մասնագիտորեն . «Բլոգերի հենց առաջին նախապայմանը դա է, որ իր կարծիքը հայտնի կամ իր տեսանկյունից ներկայացնի այս կամ այն նորությունը: Այլ հարց է, թե նա ինչպես է դա անում: Օրինակ` ես քաղաքականությունից հեռու եմ ու չեմ կարող իմ թերի կարծիքները հայտնել այս կամ այն քաղաքական դեպքի մասին:  Պետք չի ընթերցողների մոտ խելոք մարդու տպավորություն թողնել, վաղ թե ուշ նրանք կհասկանան, թե իրականում դու ով ես և ինչ մտածելակերպ ունես: Այստեղ առաջանում է բլոգինգի երկրորդ կանոնը. պետք է անկեղծ լինել ընթերցողների հետ»: Արմենն ինքը իր ընթերցողների հետ ոչ միայն անկեղծ է, այլև ամենայն պատասխանատվությամբ է լցված նրանց հանդեպ: Իր օրական 20.000 ընթերցողների համար աշխատում է ամենայն ուշադրությամբ և տրամադրում  որակյալ և ճիշտ ինֆորմացիա:

Circle.am հայկական վեբ կայքերի ռեյտինգային ցուցակում նրանք` Մարդիկ, բլոգներ և անձնական բաժինը ունի 353 գրանցված կայք

Circle.am հայկական վեբ կայքերի ռեյտինգային ցուցակում նրանք` Մարդիկ, բլոգներ և անձնական բաժինը ունի 353 գրանցված կայք

Երիտասարդ լրագրող ու բլոգեր Newsyman-ի համար բլոգը կանգնած է ամեն տեսակ պարտավորությունների, սահմանափակումների ու կաղապարների հակառակ ափում: Միաժամանակ զբաղվելով լրագրությամբ ու բլոգինգով` համամիտ է, որ վերջինս լրագրությունից խլել է գրագիտությունն ու լրագրողական նորմերը` փոխարենը տալով խոսքի ազատություն. «Քո սահմանափակված խոսքով, 15 բառից կազմված լիդով, շրջված բուրգի սխեմայով գրում ես քո խիստ լրագրողական ու քննադատական նյութը՝ այն ԶԼՄ-ի համար, որտեղ աշխատում ես  ԶՈՒՏ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ խաթր, (ինչն իհարկե սխալ է, բայց դու հնարավորինս փորձում ես իրականությանը մոտ լինել), իսկ երեկոյան գալիս ես տուն, թքում բոլոր լիդերի, բուրգերի, հասարակության բարեկեցության մասին մտածող ու գիշերները անքնությամբ տառապող պատգամավորների վրա, բացում քո անկախ բլոգն ու սրտի թելադրանով գրում ինչ-որ դրական ու լուսավոր երևույթի մասին»: Բլոգերն ինքն էլ հետևում է մի շարք բլոգների, առանձնացնում է Ռադիո Վանին, Արման Սուլեյմանյանին,  Գեղամ Վարդանյանին, Շարմ հոլդինգին: «Իմ բլոգում անունը, վերնագիրը, խորագիրը հուշում են, որ սենսացիաների մասին է, բայց ոչ Անժելա Սարգսայանի նմանների, փորձում եմ գրել այնպիսի բաներ,  որ մարդիկ իրոք զարմանան, և հաճախ ստացվում է»,-նշում է բլոգերը:

Ի տարբերություն Newsyman-ի` Արաքս Պողոսյանը` AraksoBlog-ը, գրում է բոլորի ու ամեն ինչի մասին, հաճախ նաև իր, ընտանիքի ու ընկերների մասին: Սակայն բլոգի լոզունգի համաձայն` I LOVE, աշխատում է  գրել գեղեցիկի, դրականի, հրաշալիի մասին, հազվադեպ է գրում քննադատական նյութեր, քանի որ կարծում է, որ առանց այդ էլ մեր կյանքը լի է բացասական էմոցիաներով: Արդեն մեկ տարեկան բլոգի բացակայությունը իր կյանքում Արաքսը բացառում է. «Ես չէի կարող բլոգ չունենալ, աններելի կլիներ իմ համար, ես փոքրուց երազել եմ լրագրող դառնալ, դա իմ մեջ է, արյանս մեջ, աշխատել եմ հեռուստաընկերությունում, ռադիոյում, թերթում, սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել եմ Ռուսաստան և այստեղ դեռ չեմ կարող լրագրությամբ զբաղվել, ես դեռ ռուսերեն չեմ մտածում: Բլոգս իմ ինքնաարտահայտման միջոցն է, այն ինձ հնարավարություն է տալիս ասել, գրել, խոսել այն ամենի մասին, ինչ պտտվում է ուղեղումս: Ես միշտ մոտս եմ պահում ֆոտոխցիկս, միշտ գլխումս նյութեր եմ գրում ու հորինում, փողոցում, երթուղայինում, տները մաքրելիս կամ թեկուզ աշխատելիս»: Հայկական բլոգոսֆերայի` իր համար միակ անընդունելի կողմը գրագողությունն է: Գրագիտությունը աշխատում է հնարավորինս  պահպանել, սակայն, խոստովանում է, որ երբեմն  չի ստացվում զուտ այն առումով, որ ապրում է այլ երկրում, որտեղ ոչ մեկի հետ հայերեն չի խոսում:

Համացանցային լեզվի ոչ անաղարտ հայերենը  ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ Խաչիկ Հարությունյանը ուսումնասիրում է արդեն մեկ տարի: Սոցիալական ցանցերի, բլոգների ու կայքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արագությունը, լատինատառից հայատառի անցումը ու մի շարք այլ երևույթներ հանգեցրել են նրան, որ գրավոր խոսքում արդեն արմատանում են այնպիսի սխալներ, ինչպիսիք են վօնց-ը, քցել-ը, գնում ա-ները, որտեղես-ները և այլն:

Ոչ միայն գրագետ, այլև գրական է ուզում տեսնել հայկական բլոգները նորեկ բլոգեր  Գրիգոր Թամազյանը. «Չեմ սիրում, երբ տառասխալներ են լինում գրառումներում: Հաճախ շատ բլոգերներ քննադատական հոդվածներ են գրում, որտեղ փորձելով ինքնատիպ երևալ, ժարգոն են օգտագործում, ինչը իմ համար անընդունելի է: Այն նյութը ծիծաղելի է դարձնում»:  Իսկ պատանի բլոգեր Նեոյի համար բլոգը ծիծաղելի և ձանձրալի է դառնում, եթե այն չի գտել իր ուղղվածությունը: Իր համար երեքամսեկան իր բլոգը միջոց է ինքնաարտահայտման ու գիտելիքները կիսելու համար, ինչ-որ չափով էլ  որպես գրող ինքնահաստատվելու, քանի որ բլոգում հրապարակել է մի շարք  պատմվածքներ, իսկ հիմա վիպակ է պատրաստում:  Գրելու, լրագրողական էթիկային ու նորմերին ապագա կենսաֆիզիկը ծանոթ չէ:

ԵՊՀ լրագրողները ոչ միայն ծանոթանում են լրագրողական էթիկային ու նորմերին, այլև այն կիրառում սեփական ուսումնական բլոգներում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում Տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկայի շրջանակներում բլոգ երևույթի ուսումնասիրությունն ու ավելին` բլոգ բացելու ու նրանում որոշակի քայլեր անելու նպատակը պարզաբանում է դասընթացը վարող` Ռադիոհեռուստատեսային  ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Դավիթ Ալավերդյանը. « Նախ ուսանողները պետք է տարանջատեն լրագրությունն ու բլոգինգը, ապա կարողանան օգտագործել իրենց բլոգները լրագրության համար` տարածելով դրանք նաև սոցիալական ցանցերի միջոցով: Այստեղ մենք հաշվի ենք առել առաջադեմ միջազգային փորձը, որն առայժմ բացառիկ է Հայաստանում»: Դավիթ Ալավերդյանի սուբյեկտիվ կարծիքով` բլոգների դերը, հատկապես Հայաստանում, գերագնահատված է: Ըստ նրա`  լայն իմաստով բլոգները խլեցին լրագրողներից տեղեկություններ հաղորդելու մենաշնորհը, սակայն մյուս կողմից`  դա միայն նպաստեց ժուռնալիստիկային, քանզի ընդլայնեց մրցակցային դաշտը:

Կարծիքի ժուռնալիստիկան, էլեկտրոնային օրագիրը, ազատ խոսքի դրական հարթակը, ինքնաարտահայտման միջոցը, մի խոսքով ասած` բլոգները գործում են նույն իրավական դաշտում, ինչ ԶԼՄ-ները, կատարում են մի շարք գործառույթներ, որոնք հատուկ են տեղեկատվական գործունեությանը` դաստիարակչական, լուսավորչական, կազմակերպչական և այլն: Այսինքն`  տեխնիկական չնչին կարգավորումները անելուց առաջ պետք է լավ մտածել, թե ինչ գործառույթ է ունակ իրականացնել բլոգդ ու որքանով է ասելիքդ նոր ու հետաքրքիր: Եթե կան այս հարցերի պատասխանները, մնացածը հեշտ է`  էլեկտրոնային հասցե, անձնական տվյալների գրանցում, դիզայներական մեկ-երկու շտրիխ…



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *