Հայկական ինտերնետ մոնիտորինգ. սեպտեմբեր-հոկտեմբեր 2011

Monitoring design

Trends.am monitoring #3

Կրկին երկու ամիս անց Trends.am-ն անդրադառնում է հայկական ինտերնետային տենդենցներին` այս անգամ ներկայացնելով հայկական ինտերնետի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների անցուդարձերը` Trends.am-ի աչքերով:

Հայկական ինտերնետ-տենդենցներ

Այսպես, մեր մոնիտորինգը սկսվում է հայկական կայքերի վիճակագրական հանգույցի` Circle.am-ի տվյալներից. Հուլիսյան մոնիտորինգային տվյալներում նշել էինք Circle.am-ում գրանցված հայկական կայքերի ընդհանուր թվի մասին (2035), որն ըստ 2011թ. նոյեմբերի 5-ի տվյալների հասել է 2269-ի. Շարժն այս ժամանակահատվածի համար կազմել է + 234: *

Ամենից շատ, ըստ ծավալի, առաջնթաց է ունեցել «Կրթություն և գիտություն» բաժինը` այս ընթացքում 140-ից հասնելով 171-ի, ունենալով +31, այսինքն մոտ 18%-անոց աճ: Ինչպես միշտ, բարձր է նաև “մարդիկ և բլոգներ” բաժնի աճը, այն է 322-ից մինչև 373 (մոտ 17%-անոց աճ):

Այսպիսով, այս մոնիտորինգային շրջանի համար հատկապես նկատելի է Կրթական և գիտական թեմաներով հայկական վեբ-կայքերի թվի աճը: Ի դեպ, բարձր է նաև հայկական բլոգոսֆերայի ծավալային աճը, որը նախորդ ցուցանիշներով ուներ +13%-անոց աճ, իսկ այս շրջանում` +17%: Եվս մեկ հետաքրքիր փաստ է գրանցվել այս ընթացքում` նվազել են նոր լրատվական կայքերի աճի թվերը` նախորդ ամիսների բուռն աճի համեմատ, երբ ամեն շաբաթ հայտնվում էին նոր հայկական լրատվական ռեսուրսներ: Նախորդ երկու-երեք ամիսների ընթացքում Circle.am-ում ավելացել են ընդամենը 4 նոր լրատվական կայքեր:

Հայկական TOP-10

Հայկական ցանցում, կրկին ըստ Circle.am-ի տյալների, կայքերի TOP-տասնյակը գլխավորում են հետևյալ կայքերը (հոկտեմբերի 5 – նոյեմբերի 5 ժամանակահատվածի տվյալներով)

Ցուցակում առաջին հորիզոնականում է արդեն տևական ժամանակ իր դիրքերն է պահպանում News.am լրատվականը: Երկրորդ հորիզոնական է բարձրացել Armenia TV-ի պաշտոնական կայքը, որը մեծամասամբ պայմանավորված է վերջին ժամանակներս կայքի աշխատանքների ակտիվացմամբ: Երրորդ հորիզոնականում զվարճալի թեմաներով հագեցած HamovHotov-ն է:

Ընդհանուր առմամբ ԹՈՓ-տասնյակում 10-ից 6-ը ներկայացնում է մեդիա-ռեսուրսներ, որոնցից 4-ը լրատվական կայքեր, 2-ը` հեռուստաընկերությունների պաշտոնական ռեսուրսներ: Տասնյակում տեղ են գտել 3 տեղեկատվա-զվարճալի կայքեր և մեկ բլոգ: Հատկանշական է, որ ԹՈՓ-տասնյակում նշյալ բլոգը` ArmBlog-ը, արդեն բավական երկար ժամանակ իր կայուն` տասներորդ հորիզոնականի դիրքերն է պահպանում` ըստ էության առաջ անցնելով տասնյակ լրատվական, զվարճալի և այլ բովանդակային կայքերից:

Հայկական թրաֆիկ և ինտերնետ-դինամիկա

Նախորդ մոնիտորինգում ներկայացվել էին նաև հայկական ցանցի ընդհանուր վիճակագրական տվյալները, որից հստակ երևում էր, որ 2011թ. ապրիլ ամսվա տվյալներով Circle.am-ում գրանցված բոլոր կայքերի ընդհանուր էջադիտումների թիվը կազմել է 86.783.000 (մաքսիմում 1893 կայքերի համար), իսկ ահա 2011թ. հունիս ամսին գրանցվել է 84.605.000 էջադիտումներ այն դեպքում, երբ գրանցված կայքերի թվի աճին զուգահեռ պետք է աճեին նաև ընդհանուր կայքերի բոլոր էջադիտումների քանակը: Այսպիսով նկատելի էին հայկական ցանցի ընդհանուր պասիվության միտումներ:

Սակայն իրավիճակն այժմ կտրուկ փոխվել է դեպի բարձր ցուցանիշներ, որոնք նաև ռեկորդային են Circle.am-ի վիճակագրական տվյալների համար.

Գրաֆիկում հստակ երևում է, որ աճել են Circle.am-ում գրանցված բոլոր կայքերի և’ էջադիտումների, և’ այցելությունների ընդհանուր գումարը:

2011թ. օգոստոսին գրանցվել է 90.466.000 էջադիտումներ և 21.436.000 այցելություններ, սեպտեմբերին թվերն հասել են համապատասխանաբար 104.111.000-ի և 26.170.000-ի: Այս աճը գուցե կարելի է բացատրել հայկական ցանցում վերջին շրջանում, մասնավորապես` սեպտեմբերին տեղի ունեցած հանրաճանաչ սկանդալային դեպքերով և հասարակական նախաձեռնությունների ակտիվությամբ, ինչպես նաև որոնողական համակարգերի միջոցով կատարված աննախադեպ մեծածավալ այցելություննեով: Սակայն աճը շարունակվել է նաև հոկտեմբերին` հասնելով ռեկորդային 115.616.000 էջադիտումների և 29.540.000 այցելությունների: Այս թվերն ուղղակի պետք է ուրախացնեն բոլոր վիճակագիրներին, կայքերի ադմինիստրատորներին, գովազդատուներին և գործարարներին, քանի որ հայկական ցանցը ցուցաբերում է աճի աննախադեպ կայուն և դինամիկ առաջընթաց:

Հարկ է նշել, որ արդեն նոյեմբեր ամսվա 5 օրերի ընթացքում գրանցվել է 20.000.000 էջադիտումներ և ավելի քան 5 մլն այցելություններ, որը եթե բազմապատկենք 6-ով, կստանանք նոյեմբեր ամսվա սպասվելիք մոտավոր թիվը` համապատասխանաբար 120 մլն էջադիտումներ և 30 մլն այցելություններ:

Հայկական ցանցի տենդենցները` որոնումներով

Բավական հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում` ուսումնասիրելով հայկական ցանցում ամենից արագ աճ ունեցող որոնողական հարցումների արդյունքները ըստ Google Insights-ի տվյալների: Ներկայացնում ենք այն` առանց մեկնաբանությունների:**

Top-Rising searches in armnet by Google insights

Hosted in Armenia…

Հայկական կայքերի թիվը, որոնք տեղակայված են հայկական հոսինգ-սերվերներում, շարունակում է փոքրանալ: Տվյալները վերված են Circle.am-ում գրանցված բոլոր կայքերի արդյունքներով, ըստ որոնց 2011թ. հուլիսի համեմատ հայկական կայքերի թիվը, որոնք տեղակայված էին հայկական սերվերներում, 18%-ից իջել է` հասնելով 17%-ի: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ հայկական հոսթինգ-մշակույթը դեռևս գտնվում է ցածր մակարդակում. բարձր են ծառայությունների գները, հիմնականում դեռևս չունեն պատշաճ սպասարկման որակ և հեղինակություն:

Ինտերնետ արագություն

Այս առումով հայկական ցանցն ունի ուրախալի աճ.

Ookla NetIndex-ի տվյալներով ***, Երևանյան ինտերնետի միջին արագությունը 2011թ. հոկտեմբերի 6-ից մինչ նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածի համար կազմել է 2,61 mb/sec. Հիշեցնենք, որ նախորդ մոնիտորինգի ժամանակ` 2011թ. հուլիսին այն կազմում էր 2,17 mb/sec.

Ըստ հայկական ինտերնետ-պրովայդերների, ունենք հետևյալ միջին վիճակագրական տվյալների գրաֆիկը.

Graph Period: May 5, 2009 - Nov 4, 2011
Graph Period: May 5, 2009 – Nov 4, 2011

Սոցիալական ցանցեր

Հայկական facebook-ը պահպանում է իր ամսական 5%-անոց միջին աճը` «անձնակազմն» ավելացնելով ամսական 8-10 հազար մարդկանցով: 2011թ. նոյեմբերի 5-ի տվյալներով, facebook սոցիալական ցանցում Հայաստանից գրանցված են 219.660 օգտվողներ:

Հայկական Facebook-ի «բնակչության» աճին զուգահեռ շարունակվում է լոկալ շուկայի համար Facebook-յան գովազդի գների անկումը. Այս պահին հայ ֆեյսբուքյան օգտվողներին գովազդի ցուցադրման արժեքը կազմում է` CPC = $0.15, և սա այն դեպքում, երբ 2011-ի սկզբին այն հասել էր մինչև $0.35-ի: Այս ամենից կարելի է ենթադրել, որ հայ գործարարների մոտ նվազել է հետաքրքրությունը facebook-յան գովազդի հանդեպ, որն էլ ենթադրվում է, որ կունենա իր բացատրությունները:

Trends.am Monitoring հաջորդ անդրադարձը կներկայացնենք 2012-ին` ամփոփելով 2011-ի հայկական ինտերնետային տենդենցները:

Նշումներ և բացատրություններ.

(*) Տվյալները չեն արտացոլում ամբողջ հայկական ցանցի տեսքը:
(**) Տվյալները բերված են ըստ Google Insights վիճակագրականի
(***) Ookla-ի ինտերնետ-արագության չափչիներն ամենատարածվածն են հայկական ցանցում, այդ պատճառով բերված են նրա տվյալները:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *