BookCrossing` դարձնենք աշխարհը մի մեծ գրադարան

bookcrossing armenia

«Գրքասեր մարդիկ համախմբվել են, և նրանց օրեցօր միանում են, նույնիսկ այն մարդիկ, որոնք այդքան էլ կարդալ չէին սիրում»

BookCrossing Հայաստան նախաձեռնությունը սկսվեց Ավ.Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող նստարաններից մեկի վրա թողնված Ալեքսանդր Կուպրինի պատմվածքների գրքից: Նախաձեռնողներից Ինեսա Սաղեյանը պատմում է. «Շուտվանից լսել էի, բայց վեց ամիս առաջ որոշեցի BookCrossing-ի առաջին գիրքը սարքեմ: Ինտերնետից վերցրեցի լոգոն ու ռուսերենով գրառումները, հետս տարա համալսարան:

Արմանին (Արման Ղազարյան, նախաձեռնության մյուս պատասխանատու) հետաքրքրեց միտքը, և որոշեցինք էջ բացել ֆեյսբուքում (BookCrossing Armenia) ու տարածել: Գիրքը թողեցի Ավ.Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող նստարանին: Հետը մեյլի հասցե էի թողել: Մի աղջիկ էր գտել»:

books are ready for crossing

books are ready for crossing

Աշխարհում այս նախաձեռնությունը սկսվել է դեռ 2001 թվականին, երբ օրերից մի օր համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Հորնբեքերը հյուրանոցի լոբբիում թողեց թվով 20 գիրք` դրանց մեջ նախապես դնելով ակցիայի բացատրությունը: Նա կայք էր բացել, որում գրքերն “արձակելուց” արդեն կես տարի հետո թվով 300 ակտիվ օգտագործողներ կային:

books

BookCrossing in Library

Ըստ 2010 թվականի տվյալներին, այդ կայքում գրանցված են ավելի քան 870 000 օգտվողներ, այդ թվում Հայաստանից` ընդամենը 35-ը: Կայքում գրանցված են ավելի քան 6 միլիոն գրքեր: Հայաստանյան օգտվողներից առավել ակտիվ է ԱՐՄԱԿԱԴ ցանցի էջի պատասխանատուն, ով բեռնել ու կայքում գրանցել է 161 գիրք:

«Երբ գիրքը հանկարծ որևէ տեղ ես գտնում, պատահական, ընթերցանությունն էլ ավելի հետաքրքիր է դառնում», – ասում է Ինեսան: Հիշեցնենք, որ BookCrossing-ը ենթադրում է գրքերի նախ` գրանցում BookCrossing-ի կայքում կամ սոցիալական ցանցերում ստեղծված հատուկ էջերում, հետո «բացթողում” որևէ վայրում, որտեղ այն կգտնի ակցիայի մյուս մասնակիցը:

BookCrossing

BookCrossing

Նախաձեռնությունն ունի «Կարդա, փոխանցիր մեկ ուրիշին» կարգախոսը: Նպատակները շատ են, դրանցից գլխավորը` աշխարհը դարձնել մի մեծ գրադարան: «Կարդալու պրոցեսը դարձնել հետաքրքիր, ինչը կխթանի գիրք կարդալուն: Մենք տարածում ենք տպագիր գրքեր, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է. հիմա շատերն անցել են էլեկտրոնային տարբերակին», – պատմում է Ինեսա Սաղեյանը: Նա նշում է նաև նախաձեռնության կարևորագույն ձեռքբերումներից. «Գրքասեր մարդիկ համախմբվել են, և նրանց օրեցօր միանում են, նույնիսկ այն մարդիկ, որոնք այդքան էլ կարդալ չէին սիրում»:

2012 թվականին գրքասեր մարդկանց մեծ տոն է սպասում` Երևանը կդառնա տարվա համաշխարհային գրքի մայրաքաղաք: Ի՞նչ կապ կարող է լինել այս երկու միջոցառումների միջև: «Հետևելով BookCrossing-ի նպատակնին, 2012-ին Երևանն իսկապես գրադարան կդարձնենք` գրքեր տարածելով ու զարգացնելով շարժումը», -պարզաբանում է Ինեսա Սաղեյանը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները