«Գիսանե». տասնօրյա թատերական տոն

«Գիսանե» թատերական փառատոնի բացումը Տիկնիկային թատրոնի առջև

Երևանի  Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բակում նոյեմբերի 10-ին անսովոր իրարանցում էր: Թումանյանական Գիքորը, շեքսպիրյան Համլետն ու Օթելլոն և այլ գրական հերոսներ յուրօրինակ ներկայացում էին ցուցադրում բակում և գրավում անցորդների ուշադրությունը: Մարդիկ մոտենում էին, հետաքրքրությամբ նայում ու միմյանց հարցնում. «Ի՞նչ առիթ է»: Ի պատասխան այս հարցին` մեկնարկից րոպեներ անց երկնքից, իսկ տվյալ դեպքում` տիկնիկային թատրոնի տանիքից  իջավ մեռնող և հարություն առնող աստվածուհին` Գիսանեն` «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի խորհրդանիշը:

«Գիսանե»-ն իր պատմությունը սկսել է դեռևս 2008 թվականին: 2009-ին այն կրել է ներբուհական բնույթ, իսկ արդեն այս տարի` 2011 թվականին գիսանեականները որոշեցին վերածնունդ տալ փառատոնին և այն մեկնարկեց նոր ուժով, եռանդով լցված կազմակերպչական խմբով ու նոր ձևաչափով` արդեն որպես հանրապետական փառատոն, ինչը ենթադրում էր Շուշիի, Գորիսի, Վանաձորի, Գյումրու և Երևանի  երիտասարդ թատերախմբերի մասնակցություն, դպրոցական հանդիսատես, քննարկումներ, վարպետության դասեր և, թերևս, ստեղծագործող  մարդու համար ամենակարևորը` հնարավորություն արտահայտվելու, կայանալու և ճանաչվելու:

Փառատոնի բացումը արդեն տիկնիկային թատրոնի շենքի ներսում ազդարարեց փառատոնի հիմնադիր և  տնօրեն Հայկ Ավագյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը, ովքեր ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ հանդիսանում են այն մարդիկ, ում աջակցությունն ու սատարումը հատկապես կարևորում են փառատոնի կազմակերպիչները:

Փառատոնի մեկնարկը տրվեց «Երիտասարդություն մեկ գիշերով» ներկայացումով, որով տրվեց մի կարևոր մեկնարկ ևս` թատրոնին սպասող  հանդիսատեսով լի դահլիճի առկայությունը, որը պահպանվեց  փառատոնի շրջանակներում ներկայացող բոլոր ներկայացումների ժամանակ մինչև փակման օրը: Փառատոնին ներկայացած ամենատարբեր ժանրերի  18 ներկայացումները բեմադրվեցին քաղաքի տարբեր  թատրոններում: Ներկայացումներից առաջ փառատոնի հիմնադիր և տնօրեն Հայկ Ավագյանը ամեն անգամ նոր ոգևորությամբ  ներկայացնում և ողջունում էր հերթական թատերախմբին, իսկ ներկայացումների ավարտին իրենց տպավորություններն էին կիսում ժյուրիի անդամները` ժյուրիի նախագահ Լևոն Իվանյանի գլխավորությամբ: Վերջինս ելույթների ընթացքում ոչ մեկ անգամ խոստովանեց, որ իրենք նախապես ակնկալել են ուսումնական ներկայացումներ, որոնք կարիք կունենան իրենց խորհուրդներին, սակայն իրենք ականատես են մեկը մյուսից լավ ներկայացումների, երիտասարդ դրամատուրգների, որոնք էլ ժյուրիին  կանգնեցրել են բարդ ընտրության առջև:

Հենց այս բարդ ընտրությունը նոյեմբերի 21-ին ԵԹԿՊԻ-ի միջանցքում սպասեցնել տվեց փառատոնի փակմանը սպասող հուզված թատերախմբերին, հյուրերին և լրագրողներին: «Վիլյամ Սարոյան» ներկայացմանը հաջորդած մոտ մեկ ժամ ընդմիջումից հետո սկսվեց «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի փակումը:

Դահլիճի վերջին շարքերում տեղավորված մասնակից-թատերախմբերը հուզմունքը  թաքցնում էին  կատակների ետևում, ոմանք կանխագուշակումներ անում: Ժյուրիի ինը անդամները, այդ թվում` հանձնաժողովի նախագահ Լևոն Իվանյանը, Ռուբեն Կարապետյանը, Աննա Հեքեքյանը, Վարդան Մկրտչյանը, Արա Խզմալյանը, Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Էրիկ Բարսեղյանը և Տիգրան Ասատուրովը, ողջույնի և շնորհավորանքի խոսք ասելով` անվանեցին մեկական անվանակարգ և նրա մրցանակակրին:

Այսպիսով`

Լավագույն երաժշտական ներկայցում` Փարելիներ «7 մեղք»

Լավագույն նկարչական ձևավորում` Շուշիի թատրոն. «Է~յ, ո՞վ կա այդտեղ»

Երկրորդ պլանի դերասան/դերասանուհի` Մարատ Խաչատրյան, Ստելլա Խաչատրյան

Լավագույն դերասան/դերասանուհի` Արմեն Մարգարյան, Լիանա Ավետիսյան

Լավագույն դրամատուրգ` Ալլա Բունիաթյան

Լավագույն ռեժիսոր` Հակոբ Ֆագջյան

Լավագույն պարային ներկայացում` «Կյանքի հինգ մասնիկները»

Ժյուրիի հատուկ մրցանակ`  «Վիլյամ Սարոյան»

Տիկնիկային թատրոնի տանիքից  իջավ մեռնող և հարություն առնող աստվածուհին` Գիսանեն

Տիկնիկային թատրոնի տանիքից իջավ մեռնող և հարություն առնող աստվածուհին` Գիսանեն

«Գիսանե» թատերական փառատոնի բացումը Տիկնիկային թատրոնի առջև

«Գիսանե» թատերական փառատոնի բացումը Տիկնիկային թատրոնի առջև

Դերասան Ռուբեն Կարապետյանը պարգևատրում է լավագույն դերասանուհի անվանակարգի մրցանակակիր Լիանա Ավետիսյանին

Դերասան Ռուբեն Կարապետյանը պարգևատրում է լավագույն դերասանուհի անվանակարգի մրցանակակիր Լիանա Ավետիսյանին

Աննա Հեքեյանը պարգևատրում  է  լավագույն դերասան անվանակարգի մրցանակակիր Արմեն Մարգարյանին

Աննա Հեքեյանը պարգևատրում է լավագույն դերասան անվանակարգի մրցանակակիր Արմեն Մարգարյանին

Լավագույն դրամատուրգ անվանակարգի հաղթող Ալլա Բունիաթյանը

Լավագույն դրամատուրգ անվանակարգի հաղթող Ալլա Բունիաթյանը

Կիլիկիո արքա`  լավագույն դերասանուհի Լիանա Ավետիսյանը, լավագույն ռեժիսոր Հակոբ Ֆագջյանը և լավագույն դերասան Արմեն Մարգարյանը

Կիլիկիո արքա` լավագույն դերասանուհի Լիանա Ավետիսյանը, լավագույն ռեժիսոր Հակոբ Ֆագջյանը և լավագույն դերասան Արմեն Մարգարյանը

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը

Ընդ որում` լավագույն դրամատուրգ անվանակարգը նախապես նախատեսված չէր և զարմացրեց ու հուզեց փառատոնին երկու հեղինակային աշխատանքով ներկայացած Ալլա Բունիաթյանին. «Մրցանակս ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ փառատոնին մասնակցելիս ամենաքիչը մրցանակ ստանալու  մասին եմ մտածել (այն էլ այդ անվանակարգում),քանի որ ներկայացել եմ իբրև ռեժիսոր: «Իսպանուհու զգեստը»  ներկայացումս արդեն հրավեր ունի պարոն Լևոն Իվանյանի կողմից Համալիրում խաղացվելու համար, իսկ «Շամիրամ և Կլեոպատրա»  ներկայացումս գարնանը կմասնակցի «X »  թատերական փառատոնին»:

Ժյուրիի նախագահ Լևոն Իվանյանը

Ժյուրիի նախագահ Լևոն Իվանյանը

Համալիրում խաղալու հրավեր ստացել է ոչ միայն Ալլա Բունիաթյանի ներկայացումը, այլև փառատոնին ներկայացված և ժյուրիին առավել ցնցած մի շարք այլ ներկայացումներ ևս, այդ թվում` «Շաշաստան», «Է~յ, ո՞վ կա այդտեղ», «Յոթ մեղք», «Վիլյամ Սարոյան»,  «Կիլիկիո արքա» և այլն:  Ընդ որում` վերջինս, թերևս, առավել խորն էր ցնցել ոչ միայն ներկայացմանը ներկա հանդիսատեսին, ովքեր դահլիճից հեռացան հուզված և հայրենասիրությամբ լի սրտերով, այլև  ժյուրիի անդամներին, որի ստեղծագործական խումբն էլ հենց ստացավ ինը մրցանակներից չորսը` լավագույն ռեժիսորը, լավագույն դերասանն ու դերասանուհին և երկրորդ պլանի դերասանը:

Փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանը

Փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանը

Մրցանակաբաշխության ավարտին շնորհակալագրեր շնորհվեցին նաև ժյուրիի անդամներին, հնչեցին շնորհավորանքի խոսքեր: Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթում նորանոր նմանատիպ տոներ, քանզի, ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը. «Թատրոնը տոն է, որը միշտ մեզ հետ է»:

Լուսանկարները` Ր.Հ-ի­­



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *