Իրական թատրոնը` օնլայն տիրույթում

theatre

Մրցանակաբաշխություն, թատերական և այն էլ օնլայն…Նախաձեռնությունը tatron.info առաջին հայկական թատերական պորտալի հիմնադիր և տնօրեն Ֆրունզե Գևորգյանինն է, տևողությունը` փետրվարի 21-ից մարտի 20-ը:

«Քանի որ կայքի մեկ տարին է լրանում, որոշեցինք կազմակերպել առաջին հայկական  թատերական օնլայն մրցանակաբաշխությունը: Մտահաղացումը և կազմակերպումը տևել է մեկ շաբաթ: Կազմվել է հատուկ կազմակերպչական թիմ»,-պատմում է Ֆրունզեն:

Ֆրունզե Գևորգյան

Ութ անվանակարգերում ներկայացված թատերական գործիչները, ներկայացումներն ու թատրոնները ընտրվել են` ըստ իրանց օնլայն ակտիվության: Սոցիալական կայքերում, օնլայն մամուլում, կարճ ասած` օնլայն դաշտում իրենց դրսևորած թատերական գործիչներն համախմբված են լավագույն օնլայն անվանակարգերում և հնարավորություն ունեն գնահատվել իրենց և իրենց արվեստի երկրպագուների կողմից:  Քվեարկել կարող է ամեն ոք, յուրաքանչյուր IP-ից 24ժամվա մեջ մեկ անգամ:

Լիլի Էլբակյան

Լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրված Լիլի Էլբակյանը արդեն իսկ հավաքել է քվեարկողների 1117 ձայները և գլխավորում է լավագույնների ցուցակը: Չնայած դրան` համեստորեն նշում  է, որ ինքը դեռ չի հաղթել և առաջատար լինելը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ շատ է սիրում այնտեղ ներկայացված իր բոլոր կոլեգաներին և կարծում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է այդ հաղթանակին: Մրցանակաբաշխությունների չի մասնակցել, քանի որ առիթ չի եղել: Հետևում է քվեարկությանը  և,  օնլայն  «օրենքների համաձայն»,  ֆեյսբուքյան իր  ընկերներին դիմել է իր օգտին քվեարկելու համար: Այս ամենին վերաբերվում է խաղի պես: Բայց նշում է, որ

Արմեն Մարգարյան

ցանկացած  հաղթանակ էլ  հաճելի է:  «Աշխատում եմ չմասնակցել մրցույթների, քանի որ էությամբ մրցող չեմ, բացի այդ էլ Աստված ինձ երես է տվել այդ առումով, քանի որ այն մրցույթներին, որոնց  մասնակցում եմ, միշտ հաղթում եմ»:

Լավագույն օնլայն դերասան անվանակարգի առաջատար Արմեն Մարգարյանը մրցանակաբաշխության մասին իմացել է շատ պատահաբար ընկերներից մեկից: Մրցանակաբաշխություն երևույթի մասին կարծում է. «Մրցանակաբաշխությունն առաջին  հերթին մրցակցություն է, իսկ առողջ մրցակցությունը դերասանի համար անհրաժեշտություն է»: Քվեարկությանը հետևում է`  ինչպես բոլորը: Կարծում է, որ ցանկացած հաղթանակ դերասանին ոգևորում է և թարմ ուժ տալիս: Իսկ օնլայն ձևաչափի մասին դերասանը նշում է. «Օնլայն աշխարհը այսօր դարձել է անհրաժեշտություն, և խելացի մարդիկ այն օգտագործում են ճիշտ: Օնլան մրցանակաբաշխությունը շատ հետաքրքիր երևույթ է, որը ողջունում եմ անկախ արդյունքներից և մաղթում եմ երկարակեցություն և անխոչնդոտ ճանապարհ»: Իսկ իր մասնակցությամբ  «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում»

ներկայացման մասին, որը նույնպես ներկայացված է մրցանակաբաշխության լավագույն օնլայն ներկայացում անվանակարգում,  նախընտրում է ոչինչ չասել`թողնելով հանդիսատեսի դատին:
Սարգիս Արզումանյան

Սարգիս Արզումանյան

Սարգիս Արզումանյանը, ով գլխավորում է Լավագույն ռեժիսոր անվանակարգը, մրցանակաբաշխության մասին իմացել է նախագծի տնօրենից: Մինչ այս մրցանակաբաշխությունների մասնակցել է միայն փառատոնային տեսքով` ներկայացման միջոցով: «Յուրաքանչյուր մրցանակաբաշխություն ստեղծագործողին տալիս է ավելի զգոնություն իր գործի հանդեպ, ավելի պատասխանատվություն, ավելի ոգևորվածություն»,-կարծում է երիտասարդ ռեժիսորը: Քվեարկության ընթացքին Սարգիսը հետևում է և ակնկալում անկեղծություն:

Գիսանե թատերական փառատոն

Դեռևս երիտասարդ «Գիսանե» թատերական փառատոնի կազմակերպիչների համար այս մրցանակաբաշխությունում ընդգրկվելը հաճելի և  սպասելի էր: Փառատոնի համագործակցությունը այս կայքի հետ առաջինը չէ, այն փառատոնի շրջանակներում եղել է գլխավոր ինֆորմացիոն հովանավորը: «Այս մրցանակաբաշխության մասնակցությունը Գիսանեի համար կարևոր է հատկապես նրանով, որ այն ներկայացված է այնպիսի փառատոնների կողքին, ինչպիսիք են  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, «X թատրոն» – հանրապետական թատերական փառատոնը, «Շեքսպիրյան» միջազգային փառատոնը և «Երիտասարդ ռեժիսորների» երիտասարդական թատերական փառատոնը:
Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ փառատոնի հանդիսատեսը այսօր ակտիվորեն քվեարկում է փառատոնի օգտին»,- նշում է փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանը:

Երևանի կամերային թատրոն

Երևանի Կամերային թատրոնը նույնպես ողջունում է այս նախաձեռնությունը: Թատրոնում կարծում են, որ երիտասարդները այսօր ավելի մոտ են օնլայն աշխարհին  և այդ ձևաչափով մրցանակաբաշխությունը  նրանց ավելի կմոտեցնի թատրոնին: «Չենք հետևում ձայներին և հղումները չենք տարածում: Կարծում եմ,  սա  կլինի ևս մեկ հաճելի երեկո,  որի ընթացքում արժանի մարդիկ կպարգևատրվեն»,- նշում է թատրոնի ռեժիսոր  Լուսինե Երնջակյանը:

«Հաղթողները մարտի 20-ին Կամերային թատրոնի «Երկաթ» ակումբում կպարգևատրվեն Tatron.info -ի պատվոգրերով, հովանավորների կողմից տրամադրված նվերներով, ինչպես նաև կստանան մեկ տարվա անվճար PR փաթեթ, ինչի շնորհիվ հնարավորություն կունենա իրազեկել հանրությանն իրենց մասնագիտական ձեռքբերումների մասին, մի խոսքով կլինեն ONLINE»,-նշում է   Ֆրունզեն:

Կազմակերպիչներն կատակում են. «Եթե 2012-ին աշխարհի  վերջը չլինի, ապա մրցանակաբաշխությունը ամենամյա բնույթ կկրի»:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *