Մի կտոր՝ Հայաստանից. Հայկական հուշանվերային շուկա

Vernissage_Yerevan_2012

Էյֆելյան աշտարակ`  Ֆրանսիայից, Բուրգեր` Եգիպտոսից, Լաս Վեգասի  հուշանվերներ` ԱՄՆ-ից, ֆուտբոլային համազգեստ` Իսպանիայից…այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Սրանք այն իրերն են, որոնք կարելի է գտնել ճանապարհորդության սիրահարների պահարանում, իրեր, որոնք հիշեցնում կամ ապացուցում են այդ երկիր այցը: Հայաստանը նույնպես  մտնում է այն երկրների շարքը, որոնք այդպիսի իրերի պակաս չեն զգում` Մասիս սարի նկարներն ու քանդակները, նուռ, ծիրան, կոնյակ  և այլն:

Տուրիստական նորություններ նախագիծը որոշեց  մի քանի ժամով վերածվել զբոսաշրջիկի և փորձել գնումներ կատարել: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ էր հասկանալ, թե որտեղից պետք է սկսել: Եթե հանգստի համար Հայաստանում բացի Երևանից կան մի քանի քաղաքներ ևս` Դիլիջան, Ջերմուկ, Ծաղկաձոր և այլն, ապա  գնումներ կատարելու համար այս ցուցակը կարգին նեղանում ու կանգ է առնում միայն Երևանի վրա: Դե իսկ Երևանում էլ տուրիստական առևտրի ամենաակնառու փողոցը եղել ու մնում է Աբովյան փողոցը:

Հանրապետության հրապարակից վերև` դեպի Աբովյան…

Yerevan TouristsՀուշանվերների խանութների պակաս Երևանը հաստատ չի զգում: Եթե մի պահ մոռանանք Վերնիսաժի մասին, որին  կանդրադառնանք ավելի ուշ, ապա Երևանում գործում է հուշանվերների մի քանի տասնյակ խանութ: Սակայն  դրանց ընտրությունը զբոսաշրջիկը կատարում է ոչ անունով ու տեսականիով, և ոչ էլ նույնիսկ հասցեով, այստեղ կարևոր է, որ այն հայտնվի զբոսաշրջիկի ճանապարհին: Իսկ այդ ճանապարհը  հայտնի պատճառներով Աբովյան փողոցն է: Հուշանվերների խանութների ներկայացուցիչները ընդունում են տարածքային կարևորությունը և հաստատում, որ իրենց խանութը լի է հաճախորդներով, որովհետև գտնվում է բանուկ փողոցում: Աբովյան  1/1 հասցեից Հյուսիսային պողոտա տեղափոխվել պատրաստվող Հուշանվերների խանութի ներկայացուցիչ Մանանը նշում է, որ հրապարակին մոտ լինելը նպաստում է իրենց խանութի առևտրին: Իսկ տեղափոխության արդյունքում  հաճախորդներին կորցնելու վտանգը նրանց  չի անհանգստացնում, քանի որ խանութը համագործակցում է «Հյուր սերվիսի» հետ, որն էլ, թերևս, իր կատալոգներում կծանուցի խանութի պոտենցիալ հաճախորդներին հասցեափոխության մասին: Դե Yerevan City, souvenir shop in Abovyan streetիսկ զբոսաշրջիկների ճանապարհին հայտնվելու արդեն իսկ փորձված մեթոդը չի դադարի գործել`  հաշվի առնելով նոր հասցեն` ոչ պակաս բանուկ ու զբոսաշրջիկառատ Հյուսիսային պողոտան:

Պարսիկները խմբով գալիս են ու հազար դրամանոց դիսկ գնում…

Որպես կանոն հուշանվերների խանութները տարբերվում են իրենց դիզայնով, գույներով ու գեղեցկությամբ: Խանութի կողքով անցնող և ոչ մի անցորդ չի կարողանում անտարբեր լինել: Դրանք կարծես  յուրօրինակ թանգարաններ լինեն. մտնում ես, նայում, հիանում, գնահատում, երբեմն  գնում ու դուրս   գալիս: Երևանյան հուշանվերների խանութներ գալիս են բոլորը` տեղացիներ, սփյուռքահայեր, օտարերկրացիներ կամ  բոլորը միասին: J

Armenian wineԳուցե զարմանալի թվա, բայց խանութների ներկայացուցիչները առավելապես  գոհ են տեղացի գնորդներից: Նշում են, որ հենց նրանք են հանդիսանում իրենց մշտական գնորդները, թեև գնումներն հաճախ կատարում են արտերկրում ապրող բարեկամներին նվիրելու համար: Սակայն այս  խանութների կողքով անտարբեր չեն անցնում նաև արտերկրից  ժամանած զբոսաշրջիկները: «Սոլո» հուշանվերների խանութի վաճառողուհի Նելլին առանձնացնում է. «Ամենալավը առևտուր անում են ռուսները, իսկ ամենավատը` պարսիկները: Նրանք կարող են մեծ խմբով մտնել խանութ, ամեն ինչին ձեռք տալ, նայել և, ի վերջո, գնել հազար դրամանոց մի դիսկ»: Ի դեպ,  պարսիկների անունը խանութների ներկայացուցիչները հաճախ տալիս են նաև «Ո՞ր ազգի ներկայացուցիչներն են դժգոհում գներից» հարցին ի պատասխան: Փոխարենը` հենց այս   զբոսաշրջիկների շնորհիվ է, որ վաճառողուհիները  սպասարկման լեզուների ցանկում անգլերենից հետո նշում են պարսկերեն, հետո միայն ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և այլն:

Դատարկաձեռն չգնալու համար` մագնիս և բացիկ, հայրենասերներին` հայոց հողն ու ջուրը

Armenia souvenirsԲացի հազար դրամանոց դիսկից  այս  խանութներում  կան հետաքրքիր շատ այլ իրեր` հայկական թեմատիկայով հագուստ, գլխարկ, պայուսակ, զարդեր, սպասք, գրքեր, ձայներիզներ, տիկնիկներ, արձանիկներ, մագնիսներ և բացիկներ: Հենց վերջիններն են ընտրվում խանութից դատարկաձեռն չգնալու համար: Բայց եթե զբոսաշրջիկը մտել է խանութ առևտուր անելու նպատակով, ապա գնում է կավե իրեր, տիկնիկներ, նռով զարդեր, կարճ ասած` ամեն ինչ: Աբովյան փողոցի մեկ այլ` բավականին մեծ տարածք զբաղեցնող հուշանվերների խանութը,  անվճար թանգարանի է նման: Այստեղ  կարելի է պտտվել ու հիանալ հայկական զբոսաշրջային թեմայով իրերի մեծ տեսականիով`  հայկական բնապատկերներով բաժակներ, տարազով տիկնիկներ, տրամաբանական  խաղեր, Հայաստանի և Արցախի դրոշներ, Սերժ Թանգյանի նկարով  շապիկներ, Արմենիա ասեղնագործած գլխարկներ. տեսականի, որը կարելի է անվերջ թվարկել: Սակայն նույնիսկ այստեղ վաճառողուհի Անին նշում է. «Ամենաշատը  գնում են մագնիսներ»:  Բայց քիչ չեն նաև հայրենասիրության հետաքրքիր դրսևորումները, երբ հուշանվերների խանութներից սփյուռքահայերը նախընտրում են տանել  միջինում 3000-5000  դրամ արժեցող հայոց  հողն ու ջուրը` մեկ փաթեթով: J

Սեփական արտադրանք + այն ամենը, ինչ հայկական է

Հուշանվերների խանութներում միանման իրեր  գտնելը դժվար չէ, ինչը հուշում է, որ խանութներում միայն սեփական արտադրանքը չէ, որ վաճառվում է: Իրենք` սեփականատերերն էլ նշում են, որ փորձում են աջակցել միմյանց` վաճառելով մեկը մյուսի արտադրանքը:  Սակայն  խանութներից   յուրաքանչյուրում  գնորդը հաստատ կգտնի մի բան, որը հատուկ է միայն այս խանութին ու առանձնանում է իր տեսակի մեջ:

Իր անվան պես օրիգինալ  տարածք ու ապրանքատեսականի է առաջարկում «Աղաքսակ» հուշանվերների խանութը: Արդեն 13 տարի գործող այս սրահում տիրում է հայկական ոգին` հուշանվերներին, հագուստի և սպասքի պարագաներին ավելացնելով հայկական չիրն ու չամիչը, գինին ու կոնյակը: Խանութի վաճառողուհի  Անահիտը նշում է. «Լինում են մանր գնումներ, բայց հիմնականում մեզ մոտ գնում են կատարում այն մարդիկ, ովքեր տեսականու մեջ իրենց տան դիզայնին հարմար մի իր են տեսնում: Մեզ մոտ գերակշռում են արվեստի գործերը»:  «Աղաքսակը» այցելված խանութներից միակն է, որ համագործակցում է տուրիստական կատալոգների հետ և գովազդում իր գործունեությունը:

Dalan - Souvenirs Shop in YerevanՕտարերկրացի զբոսաշրջիկին հասկանալն ու հասկացնելը հեշտ է

Աբովյան փողոցի դալաններից մեկը վաղուց արդեն պարզապես դալան չէ անցորդների համար: Այստեղ հարազատ գույներ են, նախշեր` սկսած հատակից  մինչև առաստաղ:  Այստեղ Երևանի հուշանվերների խանութներից մեկն է` «Դալանը»: Սակայն այն հերթականներից մեկը համարել չի կարելի: Խանութի հիմքում սեփականատեր ընկերները վաճառատեղից ավելին են դրել` ստեղծելով արվեստի և  տուրիզմի յուրօրինակ անկյուն կամ ավելի կոնկրետ` բակ: Այո, հենց բակում խանութում  գնում կատարող զբոսաշրջիկները կարող են հետևել բրուտի աշխատանքին և ներկա գտնվել կավե իրերի ծնունդին: Իսկ արդեն երկրորդ հարկում գտնվում է Դալան արվեստի ցուցասրահը, որտեղ անցկացվում են անհատական ցուցադրություններ: Սեփականատերերից մեկը` Գագիկը, ընդգծում է, որ խանութում ներկայացված ամբողջ տեսականին  նախատեսված է օգտագործման համար: Այդ պատճառով զբոսաշրջիկները գրեթե հավասարապես  գնում են դրանք: «Իհարկե այս  գործը կրում է սեզոնային բնույթ: Ամռանը  առավելապես  սպասում ենք օտարերկրյա զբոսաշրջիկներին և սփյուռքահայերին: Սակայն Yerevan Vernissageմյուս սեզոններին էլ չենք բողոքում, այդ շրջանում էլ գնումներ են կատարում տեղաբնակները»: Թեև խանութը տուրիստական ընկերությունների և հյուրանոցների հետ պայմանավորված համագործակցություն չունի,  բայց օտարերկրացի  զբոսաշրջիկների պակաս չի զգում: «Գալիս են և´ գիդի ուղեկցությամբ, և´ միայնակ: Շփումը հեշտ է, քանի որ  հասկանում և հասկացնում ենք նաև օտար լեզուներով»,- պատմում է Գագիկը, ով, ի դեպ, մեզ նույնպես  սիրով հրավիրեց ներկա գտնվելու Դալան արվեստի ցուցասրահում անցկացվող ցուցադրություններին:

Գիդերը  գին են  գցում, խաչքարին ջրի գին տալիս,  իսկ աշխատավարձը չի բավականացնում թոռնիկին  «Ես հայ եմ» գրառումով շապիկ գնելու համար. սա Վերնիսաժն է

Եթե հուշանվերների խանութներից   քչերը ունեն մեկ տասնամյակի պատմություն,  և զբոսաշրջիկները վերջերս են սկսել այստեղից գնումներ կատարել, ապա  Վերնիսաժը արդեն բազում տարիներ հանդիսանում է արվեստի գործերի և հուշանվերների յուրօրինակ հավաքատեղի:  Այն մշակույթ է, քաղաքի դեմքը և Երևանի տեսարժան վայրերից մեկը: Հենց այդպես   էլ  այն ընկալում են  ու Վերնիսաժ գալիս  ավելի շատ տեսնելու և հիանալու: Շաբաթ և կիրակի օրերին Վերնիսաժում աշխատող բազում արվեստագետ-վաճառականներց մեկն էլ Էդվարդ Առաքելյանն է:  Իր տաղավարում տեղ են գտնում եղբոր ձեռքի աշխատանքները` ժամացույցներ, մոմակալներ, տիկնիկներ: Անցած տարիների հետ համեմատելով` Էդուարդը նշում է. «Առևտուրը շատ է պակասել: Այլևս ազգային, հայկական խորհրդանշական իրերը չեն վաճառվում: Խաչքարների մասին նույնիսկ խոսելը անիմաստ է: Եթե ցանկանում ես խաչքար վաճառել, պետք է շատ էժան գնով տաս:  Օտարերկրացիները հիմնականում տիկնիկներ են գնում, որոնք ընդծված հայկական  խորհուրդ չեն կրում»: Օտարերկրացի զբոսաշրջիկների հետ անձամբ շփվում են, եթե շփման լեզուն ռուսերենն է, այլ լեզուների դեպքում օգնության են գալիս  բոլորի համար աշխատող տեղի թարգմանիչները կամ ուղեկցող գիդերը: «Ամենաշատը աշխատանքին խանգարում են գիդերը. միջամտում են, բանավիճում, գինը իջեցնում»: Իսկ Վերնիսաժում հայկական թեմատիկայով շապիկներ վաճառով տիկին Լուսինեն գիդերին բաժանում է` ըստ իրենց  մարդկային տեսակների. «Գիդեր կան, որ վաճառականների կողմից   են, օգնում են, ամեն ինչ անում, որ զբոսաշրջիկը գնի որևէ բան, բայց կան նաև այնպիսիք, ովքեր միջամտում են, բողոքում գներից: Ամեն ինչ կախված է նրանց մարդ տեսակից»: Գնորդները նույնպես, ըստ տիկին Մարինեի, հասկանում և գնահատում են ձեռագործ աշխատանքը, սակայն աշխատավարձի չափը չի Lenin T-Shirts in Vernissageնպաստում, որ դիտելուց  բացի նաև գնում կատարեն. «Եթե վաճառվող ապրանքն   էլ չգնահատեն, ապա մեր` արևի տակ անցկացրած ժամանակը հաստատ գնահատում են»:  Արմենիա, Հայաստան, Ես հայ եմ գրառումներ, դրոշ, Մասիս, գերբ, ֆուտբոլային գնդակ, Շառլ Ազնավուրի, Մհեր Մկրտչյանի և Պարույր Սևակի դիմանկարներ. սրանք տիկին Մարինեի տաղավարում ներկայացված շապիկների պատկերներն են: Վերջինս նշում է, որ իրենց հիմնական հաճախորդները տեղացի հայերն են, ավելի կոնկրետ` հայ տատիկ-պապիկները, ովքեր շապիկները նվեր են գնում արտասահմանում բնակվող թոռնիկների համար: Հայաստանից   դուրս լավագույն սպառողները ռուսաստանաբնակ  հայերն են, գներից բողոքողները` ճիշտ գուշակեցիք, պարսիկները:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ հուշանվերների խանութների ի հայտ գալու հետ մեկտեղ դեպի  կայուն, բազմալեզու սպասարկում ունեցող առևտուր են  ձգտում նախկինում Վերնիսաժում Մասիս  սարն ու  հայկական խաչքարները փնտրող և դրանց համար արտարժույթ չխնայող հայ և օտարերկրացի զբոսաշրջիկները: Սակայն որտեղից էլ որ կատարվի գնումը, մի բան միանշանակ է` զբոսաշրջիկի  տան պահարանում ֆրանսիական   Էյֆելյան աշտարակի,  եգիպտական բուրգերի,  Լաս Վեգասի  հուշանվերների և իսպանական  ֆուտբոլային համազգեստի կողքին  այն մնում է` որպես  Հայաստանը խորհրդանշող և «Made in Armenia»  եզակի  իրերից մեկը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները